շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ցավում եմ, որ նիստին եկել եք առանց նախագծին ծանոթանալու. Վահագն Հովակիմյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Ցավում եմ, որ նիստին եկել եք առանց նախագծին ծանոթանալու. Վահագն Հովակիմյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևրորգ Պետրոսյանին չեն բավարարել այսօր ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր հարցերին տված «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի պատասխանները:

Պետրոսյանը նախ հետաքրքրվեց՝ որևէ տարբերություն կա՞ ՍԴ անդամների լիազորությունների և գործունեության երաշխիքների միջև՝ ելնելով այն հանգամանքից, թե նրանք քանի տարով են պաշտոնավարում։

«Որ ասում եք՝ ոչ լեգիտիմ ՍԴ անդամներ, էդ ո՞ր կանոնով էիք այդ ոչ լեգիտիմ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկում», նաև հարցրեց Պետրոսյանը։

Պատգամավորի երրորդ հարցը վերաբերում էր ՍԴ անդամների նկատմամբ ճնշումներին՝ «Կարո՞ղ եք ասել՝ կոնկրետ ո՞ր դատավորների նկատմամբ ո՞վ և ինչպիսի՞ ճնշում է գործադրել»։

Ընդդիմադիր պատգամավորը հարցերի շարքն ավարտեց սարկազմով. «Ի վերջո, ի՞նչ նախագիծ է իշխանությունը ցանկանում դնել համաժողովրդական քվեարկության»։

«Ցավում եմ , որ նիստին եկեք եք առանց նախագծին ծանոթանալու,որովհետև այն ԱԺ կայքում դրված է»,-ի պատասխան հայտարարեց Վահագն Հովակիմյանը ու սկսեց ընթերցել նախագիծը։

Անդրադառնալով անհավասար պայմաններին, Հովակիմյանն ասաց, որ իր ելույթի առանցքային մասը հենց այդ մասին էր։

Նրա խոսքով, գործող Սահմանադրական դատարանը կազմավորված չէ 2015-ի Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան և եթե իրավիճակը մնա այսպիսին, այս ՍԴ –ն առաջիկա 15 տարիներին չենք ունենալու։

«Սա է խնդիրը, որ մենք, ի վերջո պիտի ապահովենք, որ մեր Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան ՍԴ ունենանք»,-հայտարարեց Վահագն Հովակիմյանը:

«Ես այն մարդը չեմ, որ առանց տեքստին ծանոթանալու մտնեմ դահլիճ, դա հավասարազոր է նրա, որ զինվորը առանց ինքնաձիգի դուրս գա հակառակորդի դեմ»,-արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորը Գեւորգ Պետրոսյանը և նշեց, որ իր հարցերն անպատասխան մնացին։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությամբ է հանդես եկել և առաջարկում է պաշտոնանկ անել ՍԴ նախագահին ու ևս 6 դատավորների, այսինքն՝ նրանց, որոնք ՍԴ անդամներ նշանակվել են մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը: Այս հարցը «Իմ քայլը» Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը:

  • Կիսվել: