երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա չունենք, մենք կորցրեցինք զիջելու հնարավորությունը. Տեր-Պետրոսյանը՝ ԼՂ խնդրի մասին

Այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա չունենք, մենք կորցրեցինք զիջելու հնարավորությունը. Տեր-Պետրոսյանը՝ ԼՂ խնդրի մասին

Արցախի խնդրի լուծման ամենահարմար պահը 94-ին էր: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այդ ժամանակ շատ խեղճ էր, կարգավիճակի հարց չէր լուծվում, բայց ԼՂԻՄ-ն իր տարածքով մնում էր, նաեւ Լաչինի միջանցքը, խաղաղապահներ էին տեղակայվում։ 

Նա հավելեց, որ անհեթեթ է այն միտքը, թե կարելի էր ազատագրված տարածքներն ընդմիշտ պահել։ ՛՛Դաշնակից չկա այդ հարցում, երբեք չի եղել։ Հիմա շատ դժվար է, այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա չունենք, hիմա ոչինչ չունենք, որի պատճառով Ադրբեջանը համաձայնի ինչ-որ մի ստատուս քվոյի ապահովմանը։ Մենք զիջելու հնարավորությունը կորցրինք։ Ո՞վ է ասել, որ Ղարաբաղը տալու ենք Ադրբեջանին։ Այսպիսի բան չկա։ Մենք խոսել ենք փոխզիջման մասին։ Այսօր լրիվ այլ սիտուացիա կլիներ։ Այսօր Ղարաբաղը կարող էր դառնալ ՄԱԿ-ի մակարդակում քննարկվելիք հարց, հիմա Ղարաբաղի հարցում Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի''։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հադրութը եւ Շուշին վերադարձնելու հնարավորության մասին հայտարարությանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ այն վտանգավոր է:

՛՛Դա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Հիմա այնտեղ ադրբեջանական զորքեր են, դա հնարավոր է միայն պատերազմով, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։ Ո՞վ է ստիպելու Ադրբեջանին՝ թողնել-գնալ այնտեղից։ Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Նա դեռ մի մասն է վերականգնել։ Ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին։ Սա է աշխարհի օրենքը։ Ստիպելու են մեզ համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Մեզնից կախված չէ այլեւս, վերջացավ՛՛,-նշեց Տեր-Պետրոսյանը:

  • Կիսվել: