հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան

Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան

Մենք ասում ենք՝ այո՛, մենք տեսել ենք բազմաթիվ անարդարություններ, ցավ, զոհեր, արյուն, բայց մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ում ապրում ենք մենք՝ հայերս, մեր սիրելի եզդի, քուրդ, ասորի, ռուս քույրերն ու եղբայրները և այսպես շարունակ, նաև Ղարաբաղի մեր սիրելի քույրերն ու եղբայրենրը, որոնք այստեղ հյուր չեն, իրենց հայրենիքում են, ադրբեջանցիներն էլ ապրում են Ադրբեջանում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներին՝ կապված պետական մակարդակով ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքները բարձրաձայնելու անհրաժեշտության մասին:

Նա, մասնավորապես, նշեց. «Հիմա եթե մենք ուզում ենք չվերածնել կոնֆլիկտի պատճառը, ուրեմն մենք չպիտի վերականգնենք այն ճարտարապետությունը կամ չպիտի խոսենք այն ճարտարապետության վերականգնման մասին, որը մոտավորապես նույն 1905-ի վիճակին է բերում: Դա ենք ասում: Հետևաբար՝ բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են:

Չեմ ասում՝ անարդար են, մարդկային տեսանկյունից կարող է արդար լինել: Տիկին Արեգա Հովսեփյանի տեսանկյունից («Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, որը ԼՂ-ից է - խմբ.), իհարկե, արդար է: Ինքը կարող է ասել՝ ես ուզում եմ գնալ իմ տուն, բայց երբ դու դա ձևակերպում ես որպես պետական նպատակ, դա նշանակում է վերածնել կոնֆլիկտային տրամաբանությունը: Մենք առաջարկում ենք այսօրվա իրավիճակը ֆիքսել, գնալ առաջ և ապահովել 100-ամյա խաղաղություն»:

  • Կիսվել: