երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Armenian Election Study-ի հարցման արդյունքներն արդեն հայտնի են․ Ո՞ր քաղաքական ուժը կստանա առավել շատ ձայներ

Armenian Election Study-ի հարցման արդյունքներն արդեն հայտնի են․ Ո՞ր քաղաքական ուժը կստանա առավել շատ ձայներ

Armenian Election Study կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքներով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունն առաջիկա ընտրություններում կստանա առավել շատ ձայներ՝ 24%, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 12%:

Ըստ հարցման արդյունքների՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհաղթի առավել շատ ձայներ հավաքելով, բայց չի կարողանա ապահովել միակուսակցական մեծամասնություն խորհրդարանում: Կանխատեսվում է, որ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան դաշինք»-ը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։ Ըստ արդյունքների՝ Էդմոն Մարուքյանը, Նորայր Նորիկյանը, Արման Բաբաջանյանը և Դավիթ Սանսարյանը, ովքեր իրենց ներկայացնում են որպես այլընտրանք Փաշինյանին,  համեմատաբար ցածր հավանության են արժանացել հարցվածների կողմից: Նախորդ վարչակարգերի հետ առնչություն ունեցող թեկնածուներն ամենաբարձր վարկանիշն են ցուցաբերում՝ հավանության չարժանանալու տեսանկյունից՝ Ռոբերտ Քոչարյանը`62%, Գագիկ Ծառուկյանը` 67%, Լևոն Տեր-Պետրոսյանը` 73% և Արթուր Վանեցյանը` 76%, սակայն Ռոբերտ Քոչարյանի հավանության վարկանիշը`18%, ամենաբարձրն է այս խմբում, միևնույն ժամանակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի ամենացածր հավանության վարկանիշը՝ 6%: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը հարցմանը մասնակցողների շրջանակում գրանցել է ամենաբարձր հավանության վարկանիշը՝ 35%, մինչդեռ հավանություն չստանալու վարկանիշում նա հավաքել է 45%: Հետաքրքիր ցուցանիշ է, որ Արամ Սարգսյանը՝ 21% հավանության վարկանիշով, դարձել է հարցման երկրորդ ամենաժողովրդական թեկնածուն:

Հարցումը նաև գնահատել է ընտրողների՝ թեկնածուների անկեղծության և կոմպետենտության ընկալումը։ Քաղաքացիների վտսահությունը թեկնածուների կոմպետենտության նկատմամբ շարունակում է մնալ բավական բացասական, առավել կոմպետենտ թեկնածու է համարվում Արման Բաբաջանյանը 25%-ով, որին հաջորդում է Ռոբերտ Քոչարյանը 25%-ով և Արմեն Սարգսյանը 23%-ով։ Նիկոլ Փաշինյանի կոմպետենտության վարկանիշը կազմել է 17%, իսկ վերջինիս ոչ կոմպետենտության ընկալման մակարդակը 51% է։ Քոչարյանը դրսևորել է ոչ կոմպետենտության ընկալման ամենացածր ցուցանիշը 36%, մինչդեռ մյուս թեկնածուները, որոնք առնչվում էին նախկին ռեժիմների հետ ունեցել են ոչ կոմպետենտության բավական բարձր ընկալում ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 70%, Վանեցյանը՝  67%, Ծառուկյանը՝63%։ Սակայն ազնվության հարցում, այնուամենայնիվ, Փաշինյանին ճանաչվել է որպես ամենաազնիվ թեկնածու 30% ձայներով, որին հաջորդել է Սարգսյանը՝ 19%, Քոչարյանը՝ 3%, Տեր-Պետրոսյանը՝ 2%, Վանեցյանը՝ 2% ձայներով։ Նման կերպ հարցման ժամանակ Քոչարյանը ճանաչվել է որպես ամենակոռումպացված քաղաքական գործիչ  36%-ով, որին հաջորդել է Վանեցյանը՝ 25%, Ծառուկյանը՝ 16% ձայներով։ Փաշինյանը և Բաբաջանյանն ամենաքիչ կոռումպացված թեկանծուներն են 2%-ով, որոնց հաջորդել է Սարգսյանը՝ 4% և Մարուքյանը՝ 5% ձայներով։ Ընդհանուր առմամբ, նախկին ռեժիմների հետ առնչվող թեկնածուները դիտարկվում էին որպես առավել կոռումպացված և ավելի քիչ ազնիվ քաղաքական գործիչներ, մինչդեռ թավշյա հեղափոխությանը հարող թեկնածուները դիտարկվում էին որպես ավելի ոչ կոմպետենտ, սակայն առավել ազնիվ թեկնածուներ։

Տարբեր մարզերում ձայների բաշխումը կարևոր պատկեր է տալիս երկու առաջատար թեկնածուների միջև ընտրողների նախընտրությունները հասկանալու հարցում։ Ընդհանուր պատկերն այն է, որ  Փաշինյանը լիովին գերակշռում է Երևանից դուրս գտնվող բոլոր մարզերում, բացառությամբ՝ Սյունիքի, որտեղ Քոչարյանի ձայների տոկոսը 71 է, մինչդեռ Փաշինյանինը՝ 29: Արագածոտնում Փաշինյանն ապահովել է 71%, իսկ Քոչարյանը ՝ 29%, Արարատում անհամապատասխանությունն էլ ավելի մեծ է. Փաշինյանը 87% է, իսկ Քոչարյանը՝ 13%: Գեղարքունիքում ամենամեծ անհամապատասխանությունն է տոկոսային առումով, որտեղ Փաշինյանն ապահովել է 95%, Լոռիում Քոչարյանն ունի 16%, Փաշինյանը՝ 86%, Արմավիրում Քոչարյանը՝ 19%, իսկ Փաշինյանն՝ 81%: Այս անհամապատասխանությունները փոքր-ինչ թույլ են Կոտայքում, որտեղ Փաշինյանը դեռ գերակշռում է 59% -ով, սակայն Քոչարյանին հաջողվում է ապահովել 41%, նմանապես՝ Շիրակում (Քոչարյան`32%, Փաշինյան` 68% ): Մրցունակ տարածաշրջանը շարունակում է մնալ Երևանը, որտեղ Քոչարյանը գլխավորում է 51% -ով, իսկ Փաշինյանին բաժին է ընկնում ձայների 49% -ը՝ այդպիսով աջակցելով ընդհանուր տեսությանը, որ Փաշինյանի ընտրազանգվածը խիստ գյուղական է, մինչդեռ Քոչարյանի ընտրողները քաղաքաբնակներն են և ավելի կիրթ մարդիկ:

  • Կիսվել: