հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ապօրինի պատժում են մեզ մեր քաղաքական հայացքների համար. Մանթաշյան

Ապօրինի պատժում են մեզ մեր քաղաքական հայացքների համար. Մանթաշյան

Ես միշտ չեմ ցանկացել որևէ մեկի ընտանիք կամ անկողին մուտք գործել, ես միջադեպի եմ մասնակից եղել Վահագն Ալեքսանյանի մայրիկի հետ կապված, ով արդեն մահացել է, և ես չեմ ուզում այդ թեմայով շատ ծավալվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լիդյա Մաթաշյանը, որի կալանքի որոշումն այսօր փոխվեց։

Նա, մասնավորապես, նշեց. «Դա իմ կալանավորման պատճառներից մեկն է, մնացածն էլ այն է, որ ես քաղաքական պրոցեսի մեջ եմ, Բագրատ Սրբազանի հետ 10 տարուց ավել ես գործունեություն եմ ծավալում»:

Լրագրողների հարցին, թե այս մեկ շաբաթում ի՞նչ փոխվեց, որ որոշեցին իրեն ազատ արձակել, Մանթաշյանը պատասխանեց. «Ես անկեղծ շատ հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդն ընդվզեց այս ամեն ինչի դեմ։ Այնքան ակնհայտ է, որ այստեղ ահաբեկչություն չկա, այնքան ակնհայտ է, որ ապօրինի մեզ պատժի են ենթարկում։ Սա խափանման միջոց չէր, սա պատժի ձև էր։ Ապօրինի պատժում են մեզ մեր քաղաքական հայացքների համար։ Նույնիսկ քրեական գործի մեջ գրել էին, առաջին դատական նիստին քննիչն ասաց՝ Լիդիա Մանթաշյանը գաղափարական թշնամանք ունի գործող իշխանությունների հետ, այդ պատճառով խնդրում ենք իրեն տանել երկու ամիս կալանքի։ Հետո հասկացան, որ իրենց դեմ է աշխատում դա, սկսեցին այդ ձևակերպումը չօգտագործել, բայց քրեական գործի մեջ գրված է, որ ես գաղափարական թշնամանք ունեմ այս իշխանությունների հետ»։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ազատագրվի, այսպես երկար չի կարող գոյատևել, եթե այս իշխանությունները շարունակեն ունենալ այն լծակները, որոնք ունեն. «Այսինքն՝ մենք ինչ-որ մի ճանապարհով կլինի ընտրություն, կլինի, չգիտեմ, հեղափոխություն, ինչ-որ մի ճանապարհով պետք է ազատագրենք մեր Հայաստանը։ Սա մի մեծ ընթացք է, որը եկավ, հասավ «Սրբազան պայքար», ու վստահ եմ, որ շարունակվելու է»։

Մանթաշյանը նաև ասաց, որ խցում երեք հոգով են եղել, ՔԿՀ–ի հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել, պահման պայմանները լավն էին. «Ոնց որ լինի հիվանդասենյակ, ուղղակի դուռը փակ։ Օրվա տարբեր ժամերի որոշակի գործողություններ կան, որ կատարվում են, կլինի ստուգում, կլինի խուզարկություն, կամ աղբն են հանում, գնում ենք մարզանքի։ Շատ-շատ գոհ եմ այն մարդկանցից, ում հետ, որ կալանքի մեջ եմ եղել։ Շատ լավ մարդիկ էին և կարծում եմ, որ այդ մարդկանց հետ կապը շարունակելու եմ, որովհետև բախտակից ընկերներ ենք, նույն կալանավայրում հինգ ամիս ապրել ենք միասին»։

Հիշեցնենք, որ այսօր Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց. դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Հավելենք նաև, որ այս գործով 18 մեղադրյալ կա։ Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

  • Կիսվել: