Ադրբեջանական ոստիկանական ուժերի գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում. Քոչարյան
Ճանապարհի Էյվազլար հատվածում ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացրել, և այդ գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
«Ոստիկանության ուժերը կանգնեցնում են պարսկական մեքենաները և գումար են վերցնում պարսկական բեռնատար մեքենաներից: Խոսքը վերաբերում է միայն իրանական մեքենաներին: Դա մաքսայի՞ն գործողություն է, թե՞ պարզապես ապօրինի գործողություն: Հիմա Իրանի ու Ադրբեջանի միջև պիտի ճշտվեն՝ այս գործողությունները տեղավորվո՞ւմ են մաքսակետի շրջանակում, թե՞ դրանք ապօրինի գործողություններ են:
Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին: Հիմա մեր սահմանապահ զորքերի տեղակայումը, ադրբեջանական ուժերի տեղակայումը և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչև մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն սահմանային դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ առնչվող խնդիրները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:


