հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Խորհրդարանն ընդունեց Անդրանիկ Քոչարյանի տեղակալի ընտրության հարցը կագավորող օրենքի նախագիծը

Խորհրդարանն ընդունեց Անդրանիկ Քոչարյանի տեղակալի ընտրության հարցը կագավորող օրենքի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Առաջարկվում է օրենքում լրացում անել և սահմանել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 68 կողմ, 33 դեմ ձայն: Ի դեպ, նախագծին կողմ քվեարկեց նաև «Հայաաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, թե, նկատի ունենալով, որ նախագիծը վերաբերում է ԱԺ աշխատանքների կազմակերպմանը, ապա ավելի հիմնարար քննարկումների կարիք կա:

«Հակառակ դեպքում, այն, ինչ ներկայացված է, ընդամենը ընդդիմությանը վերապահված որոշակի պաշտոնների զավթման գործընթաց է ընկալվում: Եթե ուզում եք հիմնարար լուծել այդ հարցը, հրաժարվեք այդ մտքից, ավելի լավ է հիմա դեմ քվեարկեք, նստենք իրար հետ քննարկենք, հակառակ դեպքում, կստացվի, որ փոփոխություն է արվում այդ պաշտոնը ընդդիմությունից խլելու համար», - ասաց Արծվիկ Մինասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հորդորեց նորից նայել իրենց խմբակցության հայտարարությունն առ այն, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Այս փոփոխությունը կատարվում է նրա համար, որ այս պահին խորհրդարանական ընդդիմությունը, չկարողանա քաղաքական շոուներ կազմակերպելով, փորձել խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը», - ասաց նա:

Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, վերջինիս թեկնածությանը, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ չէ:

  • Կիսվել: