հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաստանի ընդդիմադիրները պահանջում են նախագահի հրաժարականը, այլապես իմփիչմենթի գործընթաց կսկսեն

Վրաստանի ընդդիմադիրները պահանջում են նախագահի հրաժարականը, այլապես իմփիչմենթի գործընթաց կսկսեն

Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը՝ նրա այն հայտարարությունից հետո, համաձայն որի՝ երկիրը բանակ չունի: Հակառակ դեպքում պատգամավորներն իմպիչմենթի գործընթաց կսկսեն, տեեկացնում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեն: Նա, մասնավորապես, ասել է.

«Մենք պահանջում ենք, որ Զուրաբիշվիլին հրաժարական տա, այլապես «Միասնական ազգային շարժումը», որպես խորհրդարանական կուսակցություն, խորհրդակցություններ կսկսի մյուս խմբակցությունների և խորհրդարանի անկախ պատգամավորների հետ, որպեսզի սկսի Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնից իմպիչմենթի միջոցով տապալելու գործընթաց»:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության դեմ իմփիչմենթ սկսելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել «Ժողովրդավարական շարժում. միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Անզոր Բիցաձեն:

Նշենք նաև, որ Զուրաբիշվիլին երեքշաբթի վրաց լեզվի և մշակույթի պաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանը չունի և չի ունենա զենք և բանակ, ինչպես նաև զարգացած տնտեսություն, որպեսզի թեկուզ մեկ շրջան գրավի:

  • Կիսվել: