Վերջին պահին հետաձգվել է Հունգարիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Հունգարական կողմը վերջին պահին հետաձգել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոյի՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ հանդիպումը Բուդապեշտում։
Դա հուլիսի 5-ի երեկոյան հաստատել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Բերբոկի այցը Բուդապեշտ կկազմակերպվի ավելի ուշ։
Նշենք, որ Բերբոկի այցը Հունգարիա նախատեսված էր հուլիսի ութին: Հունգարական կողմից հայտնել են, որ խնդրել են այցը հետաձգել տեխնիկական պատճառներով:
Գերմանական կողմ ափսոսանք է հայտնել Աննալենա Բերբոկի այցի հետձգման կապակցությամբ։
«Երկու արտգործնախարարների լուրջ և անկեղծ զրույցը շատ կարևոր կլիներ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած անսպասելի և չհամակարգված այցից հետո»,- ըստ Deutsche Welle-ի՝ ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։