ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ուկրաինայի ՊՆ-ն հավաստիացրել է, որ կասետային զինամթերք օգտագործելիս կպահպանի հինգ հիմնական սկզբունք

Ուկրաինայի ՊՆ-ն հավաստիացրել է, որ կասետային զինամթերք օգտագործելիս կպահպանի հինգ հիմնական սկզբունք

Ուկրաինան ողջունում է պաշտպանության ուժերին ՛՛նոր ազատագրական զենք՛՛ տրամադրելու՝ ԱՄՆ-ի որոշումը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ մեկնաբանելով իրենց կասետային զինամթերք տրամադրելու՝ ԱՄՆ-ի որոշումը։

Ռեզնիկովի խոսքով՝ կասետային ռումբերը զգալիորեն կօգնեն զինված ուժերին Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկվող տարածքներն ՛՛ապաբռնազավթելու և ուկրաինացի զինվորների կյանքը փրկելու հարցում՛՛:

Նա նաև հավելել է, որ իրենք կպահպանեն հինգ հիմնական սկզբունքներ՝ կասետային զենք օգտագործելիս։

Այսպես, ըստ Ռեզնիկովի, Ուկրաինան այդ զինամթերքը կօգտագործի միայն իր միջազգայնորեն ճանաչված տարածքների ՛՛ապաօկուպացման համար՛՛։ ՛՛Դրանք չեն օգտագործվի ՌԴ-ի պաշտոնապես ճանաչված տարածքում՛՛,-ասել է նա:

Որպես երկրորդ սկզբունք՝ նախարարը հավելել է. ՛՛Պաշտպանության ուժերը զերծ կմնան քաղաքներում կասետային զինամթերք օգտագործելուց՝ խաղաղ բնակչության համար վտանգից խուսափելու համար։ Դրանք կկիրառվեն միայն այն հատվածներում, որտեղ օկուպանտները կենտրոնացած են հակառակորդի պաշտպանական գիծը ճեղքելու համար՛՛։

Ռեզնիկովը վստահեցրել է, որ Ուկրաինան կպահպանի այս տեսակի զենքի կիրառման և այն տեղային գոտիների խիստ հաշվառում, որտեղ այն կկիրառվի։

Չորորդ սկզբունքը հետևյալն է. ՛՛Ազատագրվելուց հետո այս տարածքներն առաջնահերթ կլինեն ականազերծման նպատակների համար: Դա մեզ թույլ կտա վերացնել կասետային զինամթերքի չպայթած տարրերի վտանգը՛՛:

Խոսելով վերջին՝ հինգերորդ սկզբունքի մասին՝ նախարարը նշել է. ՛՛ՊՆ-ն գործընկերներին կզեկուցի կասետային զինամթերքի օգտագործման ու դրանց արդյունավետության մասին՝ թափանցիկ հաշվետվության և վերահսկողության համապատասխան չափանիշ ապահովելու համար՛՛:

  • Կիսվել: