Ուկրաինայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունները կհարգեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ, տեղեկացնում է ՌԲԿ-ի ուկրաինական ծառայությունը։
Ուկրաինական բարձրաստիճան պատվիրակության կազմում, բացի Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարից, եղել են նաև Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարար Վիտալի Կովալը և երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Սիբիգայի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Սիբիգան հույս է հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունները կհարգեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի օրոք սիրիական իշխանությունները ճանաչել են Ղրիմի բռնակցումը, ուստի Կիևը խզել է դիվանագիտական հարաբերությունները Դամասկոսի հետ, սակայն ներկա պայմաններում դրանք վերականգնելու հնարավորություն կա։
Նրա խոսքով՝ Կիևն ավելի շատ պարենային օգնություն կուղարկի Սիրիա։ «Մենք խոստացել ենք աջակցել պարենային անվտանգությանը և կարճ ժամանակում կիրականացնենք խոստումը։ Վաղը Սիրիա կժամանեն երկու տասնյակից ավելի բեռնատարներ՝ «Հացահատիկ Ուկրաինայից» մարդասիրական ծրագրի շրջանակում 500 տոննա ուկրաինական ալյուր մատակարարելով։ Ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք բազմապատիկ ավելի մատակարարել»,-ասել է նա: