երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքիան կապ է պահպանում «Թալիբանի» ներկայացուցիչների հետ. Չավուշօղլու

Թուրքիան կապ է պահպանում «Թալիբանի» ներկայացուցիչների հետ. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախագահ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ  Թուրքիան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող ՛՛Թալիբան՛՛ շարժման ներկայացուցիչների հետ, հայտնում է Անադոլուն:

՛՛Անկարան կապի մեջ է թալիբների հետ Քաբուլի և Դոհայի միջոցով: Եվ այդ շփումներն անհրաժեշտ են՛՛,-նշել է թուրք արտգործնախարարը:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ ՛՛Թալիբանի՛՛ ներկայացուցիչներին Թուրքիա այցելելու հրավեր է արվել նախքան նրանց կողմից Քաբուլը վերահսկողության տակ վերցնելը:
 
Նա նաև անդրադարձել է նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության օրինականության ճանաչման հարցին:
 
՛՛Թալիբները պարտավորվել են ներառական կառավարություն ձևավորել: Պետք է տեսնել ՝ իրականում կձեւավորվի՞ ներառական կառավարություն, թե՞ ոչ: Թուրքիան գործելու է միջազգային հանրության հետ համատեղ՛՛,-ասել է Չավուշօղլուն:
 
Նրա խոսքով՝ Անկարան շփումներ է պահպանում բոլոր երկրների հետ, որպեսզի այս հարցում դիրքորոշումն ու հնչած հայտարարությունները չտարբերվեն մյուսներից:
 
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ ուրբաթ օրը տեղի է ունենալու ՆԱՏՕ -ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը:
 
՛՛Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները միջազգային հանրության հետ, գործենք միասին: Հիմա սխալ կլինի ցանկացած վաղաժամ որոշում՛՛,-եզրափակել է նա:

  • Կիսվել: