կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել մեծացնել ՀՕՊ համակարգերի մատակարարումներն Ուկրաինային

Պենտագոնի ղեկավարը կոչ է արել մեծացնել ՀՕՊ համակարգերի մատակարարումներն Ուկրաինային

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ ներկայում Արևմուտքի կենսականորեն կարևոր խնդիրը Կիևին հակաօդային պաշտպանության միջոցներով ապահովելն Է։

Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Մենք գիտենք, որ Ռուսաստանի սպառազինությունն զգալի թվով ինքնաթիռներ և մեծ ներուժ ունի, - ասել Է նա լրագրողներին: - Այդ իսկ պատճառով մենք ընդգծել ենք, որ անհրաժեշտ Է ամեն բան անել՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության հնարավորինս մեծ կարողություններով ապահովելու համար»:

Օսթինը հավելել է, որ առայժմ Ուկրաինային մատակարարվող հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար չեն, և ԱՄՆ-ը պնդելու Է, որպեսզի դրանք ավելացվեն։ Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ Օսթինն ակնկալում է, որ գարնանն ուկրաինական ուժերը հարձակողական գործողությունների են դիմելու, և Կիևի դաշնակիցներն աշխատում են՝ ապահովելու, որ ուկրաինական ուժերն ունենան դա արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ սպառազինությունը և լոգիստիկան:

Երեքշաբթի օրը Իտալիան և Ֆրանսիան պարտավորվել են Ուկրաինային տրամադրել SAMP-T զենիթային համակարգեր։ ԱՄՆ-ն, ի հավելումն Patriot զենիթահրթիռային համակարգերի, արդեն խոստացել Է «երկիր-օդ» դասի NASAMS կատարելագործված հրթիռային համակարգեր, հիշեցնում են լրատվամիջոցները։

  • Կիսվել: