չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Մատվիենկոն կարծում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարի

Մատվիենկոն կարծում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարի

Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարի, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես կրկին իմ տեսակետն եմ հայտնում: Իհարկե, հաջորդ տարի կսկսվի բանակցային գործընթացը, անպայման: Բայց բանակցային գործընթացը, իմ կարծիքով, շատ դժվար է լինելու: Ցանկացած բանակցություններում հարկավոր է փոխզիջումներ փնտրել, բայց Ռուսաստանի կողմից հնչեցված հիմնական պայմանների խստիվ պահպանմամբ»:

Բացի դրանից՝ Մատվիենկոն նաև նշել է, որ «ստամբուլյան պայմանավորվածություններում, որոնք ձախողվեցին, ամրագրված է մեր մոտեցումների հիմքը, բազան»։

«Մենք ամենևին չենք զիջի: Մնացած ամեն բան մենք կարող ենք քննարկել երկխոսության ժամանակ, փոխզիջումներ փնտրել: Եվ մենք քանիցս ասել ենք, որ ցանկացած պահի մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց այն, ինչ անցել ենք Մինսկի համաձայնագրերի հետ, այլևս չի կրկնվի»,-ասել է նա:

  • Կիսվել: