ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի միջուկային գործարքի շուրջ իրավիճակը փակուղում է. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Իրանի միջուկային գործարքի շուրջ իրավիճակը փակուղում է. ՌԴ մշտական ներկայացուցիչ

 ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ չեն վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Դիվանագետը նշել է, որ իրավիճակն, ըստ էության, փակուղում է հայտնվել։
 
«Եվ դրա պատասխանատվությունը ոչ թե Իրանի վրա է, ինչպես փորձում են ԶԼՄ-ներում ներկայացնել արևմտյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները, այլ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վրա։ Այդ երկրներն այսօրվա դրությամբ պատրաստ չեն վերսկսել և ամենակարճ ժամկետում ավարտել միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները»,-հայտարարել է Ուլյանովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հարցը, ինչպես և առաջ, անորոշ վիճակում է, և հեռանկարները շարունակում են բոլորովին անհասկանալի մնալ:
 
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թվականին Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի մասնակցությամբ երկարատև բանակցությունների արդյունքում: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն, նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով Միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
 
Վիեննայում բանակցություններ էին ընթանում ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ։ 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քյանիի խոսքով՝ բանակցությունները հաջող են ընթացել, սակայն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեթ Փրայսը Վիեննայի առաջընթացը համեստ էր գնահատել՝ Թեհրանին կոչ անելով հարցին լուրջ վերաբերվել:

  • Կիսվել: