Հոսանքազրկում Մոլդովայում՝ Ուկրաինայի էներգահամակարգի խափանումների պատճառով
Ուկրաինայի էներգահամակարգում տեղի ունեցած լուրջ խափանումների պատճառով այսօր տեղական ժամանակով 10:42-ին Իսակչա-Վուլկանեշտի-ՄԴԷԿ 400 կՎ գծում լարումն ընկել է, ինչը հանգեցրել է Մոլդովայի էներգահամակարգի վնասմանն ու անջատմանը: Այս մասին հայտնել են Մոլդովայի Էներգետիկայի նախարարությունից, տեղեկացնում է մոլդովական Newsmaker-ը:
Ինչպես հաղորդվում է՝ էլեկտրաէներգիայի հաղորդման համակարգի օպերատոր Moldelectrica ընկերությունն աշխատում է իրավիճակը շտկելու ուղղությամբ, որոշ վայրերում լարումն արդեն վերականգնվել է, հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է նաև, որ էլեկտրաէներգիան անջատվել է առնվազն Քիշնևում և հարակից բնակավայրերում (Ստավչենի, Դուրլեշտի, Վատրա), ինչպես նաև Տարակլիայում, Կահուլում և Նովիե Անենիում։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալն իր հերթին պարզաբանել է, թե ինչու է թե՛ Մոլդովայում, թե՛ Ուկրաինայում լույսն անջատվել։
«Այսօր ժամը 10:42-ին տեղի է ունեցել տեխնոլոգիական խափանում՝ Ռումինիայի և Մոլդովայի էներգահամակարգերի միջև 400 կՎ հզորությամբ գծի և Ուկրաինայի արևմտյան ու կենտրոնական հատվածների միջև 750 կՎ հզորությամբ գծի միաժամանակյա անջատմամբ։ Սա հանգեցրել է Ուկրաինայի էներգահամակարգում կասկադային անջատման և ենթակայանների ինքնաշխատ պաշտպանության համակարգերի գործարկմանը։
Ատոմակայանների էներգաբլոկները դուրս են բերվել շահագործումից։ Ներկայումս Կիևի, Ժիտոմիրի, Խարկովի մարզերում և Կիև քաղաքում կարգավարը կիրառում է վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ։ «Ուկրէներգոյի» մասնագետներն աշխատում են էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ։ Առաջիկա ժամերի ընթացքում լույսը կվերականգնվի»,-նշել է նա:


