Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ։ Այս մասին հայտնում են «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ից:
«Համաշխարհային փառատոնային ասոցիացիան՝ World Festival Association (WOFA), պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ կազմակերպչական կոմիտեի արտահերթ նիստում որոշում է ընդունվել նոր հրավեր ուղարկել մեր համույթներին՝ 2027 թվականի մարտին Վիեննայում կայանալիք փառատոնին մասնակցելու համար։
Մյուս կարևոր զարգացումը WOFA-ի՝ Եվրոպական միությանը դիմելն է՝ նման իրավիճակներում գործելու վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և ուղեցույցներ ստանալու նպատակով։
Այս զարգացումները համարում ենք մեր հետևողական աշխատանքի, խնդրի հանրային բարձրաձայնման և բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների աջակցության արդյունքում արձանագրված կարևոր առաջընթաց։ Դրանք վերահաստատում են մշակութային իրավունքների պաշտպանության, արդար վերաբերմունքի և փաստերի վրա հիմնված որոշումների կայացման կարևորությունը։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում լրատվամիջոցներին և լրագրողներին՝ խնդրի մասնագիտական ու հետևողական լուսաբանման, հանրային գործիչներին՝ սկզբունքային դիրքորոշման և հրապարակային աջակցության, իսկ մշակութային կազմակերպություններին ու անհատներին՝ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։
Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ նոր հրավեր ուղարկելու որոշումը դեռևս չի նշանակում, որ խնդիրը լիովին լուծված է։
Մենք շարունակում ենք պահանջել պարզաբանել, թե որ դիվանագիտական ներկայացուցիչներն են և ինչ փաստական հիմքերով ներկայացրել մեր կազմակերպության ենթադրյալ «անջատողական գործունեության» վերաբերյալ մեղադրանքները։ Պահանջում ենք նաև պարզաբանել կազմակերպչի հետ առանձին նամակագրությամբ փոխանցված այն պնդումը, որով մեր մշակութային համույթները ներկայացվել են որպես «վտանգավոր խումբ»։
Առանձին կարևորություն ունի նաև այն հարցը, թե ինչպես են այս պնդումներն ազդել համույթների մասնակցության չեղարկման որոշման վրա։
Ողջունում ենք WOFA-ի՝ երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և ակնկալում ենք բարձրացված հարցերի վերաբերյալ հստակ, ամբողջական և փաստարկված պատասխաններ։
Մշակույթը պետք է միավորի ժողովուրդներին, իսկ մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման ներկայացված մեղադրանքների հիման վրա»,- նշված է հայտարարության մեջ:



