Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինայի և ՌԴ-ի պայմանավորվածության մասին՝ Օլեշկիում հրադադարի շուրջ
Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողություններն Օլեշկի քաղաքում՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար: Այս մասին հայտնել են Սպիտակ տնից՝ հավելելով, որ հրադադարի ռեժիմը կգործի հոկտեմբերի 29-ից: Այս մասին տեղեկացնում է Current time-ը։
Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Մելանյա Թրամփի միջնորդությամբ:
«Օլեշկիի բնակիչներն ապրում են էլեկտրամատակարարման սահմանափակումների պայմաններում, ականապատ ճանապարհների հարևանությամբ և պարբերաբար ենթարկվում են ռազմական հարձակումների։ Ակնհայտ էր, որ առանց իմ միջամտության անհնար կլիներ մարդասիրական օգնություն հասցնել քաղաք և տարհանել տարեցներին»,- հայտարարել է նա։
Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին տիկինն ու նրա ներկայացուցիչն «անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների հետ՝ տեղային հրադադարի պայմանները որոշելու ուղղությամբ», իսկ Մելանյան «իր պաշտոնական՝ բացառիկ միջնորդի դերում բանակցություններ է նախաձեռնել երկու երկրների հետ»։
Հաղորդվում է նաև, որ գործընթացին ներգրավվել է ամերիկյան անկախ լրատվական կազմակերպություն, որը պետք է ուղեկցի և փաստագրի տեղում ռուսական ու ուկրաինական խմբերի գործողությունները ողջ գործընթացի ընթացքում։ «Ես և իմ ներկայացուցիչն անմիջապես գործի դրեցինք կապի այն ուղին, որը հաստատել էինք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ 34 երեխաների նախորդ վեց վերամիավորումների ընթացքում։ Երկու երկրներն էլ օպերատիվ կերպով խմբեր ուղարկեցին՝ համակարգելու բարդ գործընթացները, այդ թվում՝ ականազերծումը։ Այս պահից բոլոր կողմերն աշխատում են շուրջօրյա»,- պարզաբանել է ԱՄՆ առաջին տիկինը։
Նշենք, որ Օլեշկիի բնակիչները դարձել են սուր մարդասիրական ճգնաժամի զոհ։ Հաղորդվել է զանգվածային սովի մասին։ Օլեշկիում չկան էլեկտրականություն, ջուր և գազ, շտապօգնությունը քաղաք չի հասնում, իսկ խանութները չեն գործում։ Մարդիկ գոյատևում են սեփական տնտեսությունից ստացված մթերքների հաշվին։ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Օլեշկիի՝ միտումնավոր շրջափակման մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, Օլեշկիում մարդասիրական ճգնաժամի պատասխանատվությունը բարդել է Ուկրաինայի իշխանությունների վրա։



