Սահմանադրության փոփոխությունը բխում է հենց հայկական իշխանությունների շահերից․ Բայրամով
Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման տարբեր ժամկետներ է նշում, սակայն Բաքուն պատրաստակամ է ավարտին հասցնել այս գործընթացը։ Այս մասին Նիդերլանդների իր պաշտոնակից Թոմ Բերենդսենի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմն ուշադիր հետևում է այս հարցի վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարություններին։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ միակողմանի քայլեր է ձեռնարկել, և Հայաստանը, ինչպես և բոլոր մյուսները, կարող էր դա տեսնել»,- ընդգծել է Բայրամովը։
Նա նշել է, որ Հայաստանի ներսում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ Սահմանադրության փոփոխությունը բխում է հենց հայկական իշխանությունների շահերից։
«Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջնական կետ դնել խաղաղության պայմանագրի հարցում և հավատարիմ է մնում այս գործընթացին»,- եզրափակել է ԱԳ նախարարը։



