երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բանտի ղեկավարության նկատմամբ՝ ի պատասխան Նավալնիի մահվան

Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բանտի ղեկավարության նկատմամբ՝ ի պատասխան Նավալնիի մահվան

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի այն քրեակատարողական հիմնարկի ղեկավարության նկատմամբ, որտեղ փետրվարի 16-ին մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել 6 անձինք․ նրանց ակտիվները սառեցվել են, և նրանց արգելվել է մեկնել Միացյալ Թագավորություն։

Արևմտյան երկրների ղեկավարները Նավալնիի մահվան համար մեղադրում են ՌԴ իշխանություններին, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Նավալնիի հանդեպ դաժան վերաբերմունքի պատասխանատուները թող մոլորության մեջ չընկնեն․ մենք նրանց պատասխանատվության կենթարկենք», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը։

Բրիտանիայի կառավարությունը նաև կոչ է արել, որ Նավալնիի մարմինը վերադարձվի նրա ընտանիքին, և թափանցիկ հետաքննություն սկսվի։ Ընդդիմադիր գործչի մորը հայտնել էին, որ որդու մարմինն ընտանիքին կհանձնեն երկու շաբաթից։ Նավալնիի մահվան պատճառները դեռ հստակ հայտնի չեն։

Մեծ Բրիտանիան առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանում Նավալնիի մահվան կապակցությամբ։

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր հերթին հայտարարել է, որ ՄԹ-ն և նրա գործընկերները դիտարկում են «բոլոր տարբերակները՝ Ռուսաստանին և Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար»։

Նավալնիի կինը նույնպես ամուսնու մահվան համար մեղադրել է Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի հանդեպ մեղադրանքները որակել է որպես «բացարձակապես անհիմն, լկտի»։  

  • Կիսվել: