Նավալնիի սպանությունը ակներև դարձրեց, թե ում հետ գործ ունենք. Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ
Ալեքսեյ Նավալնիի սպանությունը ևս մեկ անգամ ակներև դարձրեց, թե ում հետ մենք գործ ունենք՝ ի դեմս Ռուսաստանի ղեկավարի: Սա ամենաանխիղճ և մարդու իրավունքները ոտնահարող ակտն էր, որ կարող էր տեղի ունենալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:
Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահը, որը կարծում էր, որ այդ գործողությամբ կարող է թուլացնել ընդդիմությանը, պետք է, որ հիասթափություն ապրած լինի, որովհետև հատկապես այդպիսի գործողություններից հետո, մարդիկ հասկանում են, թե որքան կարևոր է ժողովրդավարության պայմաններում իրացնել իրենց հիմնարար ազատությունները և օր առաջ ազատվել այդպիսի ռեժիմի տակ ապրելու լծից:
«Գերմանիան շարունակում է մնալ այն կարծիքին, որ Ուկրաինային աջակցությունը ուղղված է նախ նրան, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել ինքն իրեն, ապա նաև նրան, որ Ուկրաինան պաշտպանում է արևմտյան ժողովրդավարական և մարդու իրավունքների համընդհանուր արժեքները»,-ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով, Գերմանիան հաստատակամորեն շարունակում է աջակցել Ուկրաինային ինչպես ռազմական, այնպես էլ բժշկական օգնության առումով: Բացի այդ Գերմանիան Ուկրաինայից բազմաթիվ փախստականների է ընդունել: Այս իրադարձությունն էլ նպաստում է նրան, որ Գերմանիան շարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: