երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՀԿ մասնագետը բացատրել է կորոնավիրուսով հիվանդացության աճը զանգվածային պատվաստումների ֆոնին

ԱՀԿ մասնագետը բացատրել է կորոնավիրուսով հիվանդացության աճը զանգվածային պատվաստումների ֆոնին

Մարդիկ սխալմամբ կարծում են, որ երկու դոզայով պատվաստումը լիովին պաշտպանում է իրենց կորոնավիրուսային վարակից, և անտեսում են անվտանգության միջոցները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ և Արևադարձային բժշկության միջազգային ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսոր Սանտյագո Մաս Կոման այսպես է բացատրել COVID-19-ով հիվանդացության աճն աշխարհում:

Նրա խոսքով՝ պատվաստված մարդիկ սկսում են ավելի հազվադեպ օգտագործել դիմակներ, սոցիալական հեռավորություն չեն պահպանում և մարդաշատ վայրերում ավելի քիչ զգուշություն են ցուցաբերում։ «Ձմռան ցածր ջերմաստիճանի պայմաններում մարդիկ կսկսեն ավելի քիչ ժամանակ անցկացնել փողոցներում, ինչը, իր հերթին, կբարձրացնի փակ տարածքներում՝ ռեստորաններ, բարեր և այլն, վարակվելու վտանգը»,- ասել է համաճարակաբանը Lenta.ru-ի հետ հարցազրույցում:

Մաս-Կոման բացատրել է, որ պատվաստումից հետո արտադրված հակամարմինները պահպանվում են որոշ ժամանակ՝ չորսից վեց ամիս:

Համաճարակաբանը նշել է, որ մարդու օրգանիզմում ձևավորվում են նաև հիշողության բջիջներ, որոնք արտադրում են չեզոքացնող հակամարմիններ՝ իմունային պաշտպանությունը բավարար մակարդակի հասնելու համար: Սակայն «դելտա» շտամի բարձր վարակելիության պատճառով մարդու օրգանիզմը չի հասցնում ձևավորել հիշողության բջիջները:

Ըստ մասնագետի՝ լավ նորությունն այն է, որ վերջին ամիսների ընթացքում չեն հայտնաբերվել կորոնավիրուսի շտամներ, որոնք գերազանցում են «դելտա» տարբերակին: «Այդ պատճառով այս պահին ես հիվանդացության ևս մեկ մեծ ալիքի առաջացման ռիսկ չեմ տեսնում, բայց, իհարկե, դեպքերի թիվը կշարունակի աճել, եթե մարդիկ չհասկանան, որ համաճարակի վերջը դեռ չի երևում: Անհրաժեշտ է պահպանել անհատական միջոցառումները՝ վարակվելուց խուսափելու համար»,- ընդգծել է Մաս-Կոման:

  • Կիսվել: