շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանի ընդդիմությունը զանգվածային բռնությունների թեմայով հայտարարություն է արել

Ադրբեջանի ընդդիմությունը զանգվածային բռնությունների թեմայով հայտարարություն է արել

«Ադրբեջանում հավաքների ազատության խախտումների, ոստիկանական բռնության եւ խոշտանգումների հետ» կապված հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԴՈւԱԽ):

Խորհրդի հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 19-ի հանրահավաքում ոստիկանության զանգվածային բռնությունից ու ընդդիմության առաջնորդների խոշտանգումներից հետո ադրբեջանական հասարակության եւ միջազգային հանրության տարբեր խմբեր դիմել են Իլհամ Ալիեւի կառավարությանը՝ կոչ անելով հետաքննել այդ փաստերը։ Բայց Ադրբեջանի կառավարության վարքագիծն անցած շրջանում ցույց է տվել, որ իշխանություններն այս կոչերը լուրջ չեն ընդունել»:

Նշվում է, որ հոկտեմբերի 19-ին դաժան վերաբերմունքի կամ խոշտանգումների դեպքերից ոչ մեկը պաշտոնապես չի հետաքննվել։ Միեւնույն ժամանակ, ԴՈւԱԽ համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յաղուբլուն, որը ձերբակալվել է 30 օրով եւ ենթարկվել խոշտանգումների հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո, երկրորդ անգամ է բախվել բռնության սպառնալիքների ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակցի կողմից։

Ժողովրդական ճակատ կուսակցության շատ անդամներ ևս նույնպիսի սպառնալիքների են ենթարկվել: Նրանք ձերբակալվել էին հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո։

Երկու ընդդիմադիրի՝ ներառյալ Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Սեյմուր Խազան, ձերբակալության ժամկետները երկարաձգվել են՝ 15-ից հասնելով 30-ի։

ԴՈւԱԽ համակարգող կենտրոնի անդամ, հայտնի իրավաբան Վիդադի Միրքամալը ենթարկվել է շանտաժի, իսկ ԴՈւԱԽ համակարգող կենտրոնի մեկ այլ անդամի՝ Գյուլթեքին Հաջիբեյլիի Ֆեյսբուքի էջը կրկնակի կիբեռգրոհի է ենթարկվել:

Իշխանությունները չեն համաձայնվել, որ նոյեմբերի 10-ին «Մուսավաթ» կուսակցությունը բողոքի ակցիա իրականացնի քաղաքի գծում, ևցրել են նոյեմբերի 12-ի նստացույցը:

Եվրոպական միությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրոպայի խորհուրդը, Freedom House, Human Rights Watch եւ մի շարք այլ կազմակերպություններ հոկտեմբերի 19-ից հետո դիմել են պաշտոնական Բաքվին՝ կոչ անելով «ապահովել հավաքների ազատությունը», «դադարեցնել ոստիկանության բռնությունները», սակայն դա անուշադրության է մատնվել։

Այն տեսակետը, որն արտահայտել է նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 12-ին այն մասին, թե «վերջին տարիներին ձեռք է բերվել մեծ առաջընթաց դեմոկրատիայի զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», հաստատում է, որ քաղաքական բռնաճնշումները եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումները երկրում անձամբ նրա կողմից են արտոնված ։

Ազգային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանի ժողովրդին՝ հրապարակավ բողոքել զանգվածային բռնության եւ խոշտանգումների դեմ, իսկ միջազգային հանրությունը պետք է որդեգրի ավելի վճռական դիրքորոշում, որպեսզի պաշտոնական Բաքվին մղի հետաքննելու բռնության եւ խոշտանգումների դեպքերը։

Նշված է նաև, որ Ազգային խորհուրդը կարծում է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, պետք է հասցեական պատժամիջոցներ մտցնեն պաշտոնատար անձանց դեմ, որոնք խախտում են մարդու իրավունքները, Ադրբեջանում արտոնում եւ կիրառում խոշտանգումներ:

  • Կիսվել: