չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Բավականին լուրջ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների հարցերի հասցեագրման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Բավականին լուրջ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների հարցերի հասցեագրման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է 2018-2024 թթ. իրականացված ծրագրերը: Ըստ այդմ՝ իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնց շրջանակում ներդրվել է 1 մլրդ 330 մլն դրամ, պետական ծրագրեր՝ ներդրվել է 8 մլրդ 600 մլն դրամ: Իրականացված ծրագրերի շրջանակում կատարվել են ասֆալտապատման, գազիֆիկացման, ջրապահովման, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների կառուցման աշխատանքներ:

Արայիկ Հարությունյանն այցելել է Ալագյազում կառուցվող մոդուլային տիպի՝ 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են Ճարճակիս գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները ևս:

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը նաև հանդիպումներ է ունեցել Ալագյազ, Ճարճակիս, Շամիրամ բնակավայրերի բնակիչների հետ:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների հարցերի հասցեագրման ուղղությամբ, ընդգծել, որ Կառավարությունը համայնքների հավասար զարգացմանը մեծ կարևորություն է տալիս: «Ներդրումները, որոնք իրականացվում են պետական բյուջեից, նաև այդ նպատակով են, միայն մայրաքաղաքի կամ մի քանի քաղաքների զարգացմամբ մենք չենք կարող ուժեղ պետություն ունենալ: Իսկ ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը: Մենք դրանով հպարտանում ենք, ցույց ենք տալիս բազմամշակութային հանրությունը, որ ունենք հանրապետությունում, և այդ ուղղությամբ աշխատանքներ անելու համար նաև փորձելու ենք նոր գործիքներ գտնել, որպեսզի ազգային փոքրամասնություններն իրենց կրոնական, մշակութային, կրթական իրավունքներն ու պահանջմունքները կարողանան իրացնել»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և հավելել, որ այցի նպատակն է հենց տեղում հասկանալ խնդիրները:

Հաջորդիվ Արայիկ Հարությունյանը պատասխանել է բնակիչների բարձրացրած հարցերին:

  • Կիսվել: