18 զոհ, 50 անհայտ կորած. Լիբիայի ափերի մոտ նավաբեկություն է տեղի ունեցել
Լիբիայի արևելյան Տոբրուկ քաղաքի մոտակայքում անցած շաբաթավերջին տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհվել է առնվազն 18 ներգաղթյալ, իսկ 50-ը համարվում է անհայտ կորած: Այս մասին երեքշաբթի հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ այս պահին հայտնի է տասը ողջ մնացածի մասին։
«Այս վերջին ողբերգությունը խիստ հիշեցում է այն մահացու ռիսկերի մասին, որոնց մարդիկ ստիպված են դիմել անվտանգություն և հնարավորություններ փնտրելիս։ Լիբիան մնում է ներգաղթյալների և փախստականների համար հիմնական տարանցիկ կետ, որոնցից շատերը բախվում են շահագործման, բռնության և կյանքին սպառնացող ճանապարհորդությունների», - հայտնե; են Միգրացիայի միջազգային կազմակերպությունից:
2011 թվականին գնդապետ Մուամմար Քադաֆիի տապալումից ի վեր Լիբիան դարձել է տարանցիկ երկիր հակամարտությունից և աղքատությունից փախչող ներգաղթյալների համար, որոնք անապատով և Միջերկրական ծովով անցնում են Եվրոպա։


