երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժամանակ»․ ինչո՞ւ էր քաղաքապետարանը խուսափել հանրությանը նվիրատուների մասին տեղեկացնելուց

«Ժամանակ»․ ինչո՞ւ էր քաղաքապետարանը խուսափել հանրությանը նվիրատուների մասին տեղեկացնելուց

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը տեւական արձակուրդից հետո դարձյալ մեկնել է արձակուրդ, իհարկե, խիստ կարճատեւ՝ ընդամենը երկու օր, սակայն այդ արձակուրդը բոլորովին այլ լույսի ներքո է հայտնվում աղբատար մեքենաների նվիրատվության աղմուկի ներքո: Քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է ԿամԱԶ-ների նվիրատու ընկերությունների ցանկը, որտեղ կան նաեւ հայտնի անուններ ունեցող սեփականատերեր, ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանը: Սակայն նվիրատուների ցանկի հրապարակումը ոչ թե հանում է հարցերը, կամ նվազեցնում աղմուկը, այլ գործնականում ավելի խճճում պատկերը:

Ի վերջո, ինչո՞ւ էր քաղաքապետարանը խուսափել հանրությանը նվիրատուների մասին տեղեկացնելուց: Իսկ տեղյա՞կ էր այդ ամենից, օրինակ, վարչապետ Փաշինյանը, որն ինքը պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման սկզբունքի մասին ու նաեւ փորձում հնարավոր տարբերակներով հանրությանը ներկայացնել պարբերական հաշվետվություն:

Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղակի անփորձության, սխալ կողմնորոշվելու, քարոզչական մարտահրավերները թերագնահատելո՞ւ, թե՞, այդուհանդերձ, կոռուպցիոն ռիսկի արդյունք է: Հարցերն իսկապես շատ են եւ անկասկած է, որ դրանք հասնում են արդեն ընդհուպ կառավարող մեծամասնության քաղաքական ղեկավարությանը:

Այն, որ կարողունակ մարդիկ նվիրատվություն կանեն համայնքներին, որեւէ կերպ ոչ միայն դատապարտելի չէ, այլ նույնիսկ խրախուսելի: Սակայն ամենատարօրինակն այն է, որ քաղաքապետարանը տվյալ պարագայում հանրությունից գաղտնի է պահել նվիրատվությունը: Այստեղ իրավիճակ է, երբ, մեղմ ասած, բարդ է խոսել «հեղափոխություն-հակահեղափոխություն» բանաձեւով:

Ի վերջո, նվիրատվությունը հանրությունից հակահեղափոխականները չէ, որ թաքցրել են: Եվ աղմուկն էլ, ի վերջո, քարոզչական հնարքի կամ նենգափոխման, այսպես ասած, ֆեյք նյուզի տրամաբանությամբ չէ, որ ձեւավորվել է, այլ իսկապես հիմնավոր հարցադրումների: Մեծ հաշվով, այդ իմաստով ստեղծված իրավիճակն իրապես եզակի է, որպես աղմկոտ պատմություն եւ այն կարող է առնչվել քաղաքական տողատակերի: Արդեն իսկ հնչում են հայտարարություններ, որ Հայկ Մարությանը պետք է հրաժարական ներկայացնի:

Կձեւավորվի՞ այդ հարցում, այսպես ասած, նոր քաղաքական ճակատ, կրթության ու գիտության նախարարի հանդեպ անարդյունավետ փորձից հետո: Արդեն իսկ հնչում են քաղաքապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրության մասին հարցադրումներ, թեեւ ֆորմալ իմաստով քաղաքապետի հրաժարականն ամենին չի ենթադրում կամ պահանջում արտահերթ ընտրություն:

Մյուս կողմից, իսկ կարո՞ղ է արտահերթ ընտրությունը դիտարկվել ներքաղաքական որոշակի լիցքաթափման մեխանիզմ՝ ներկայիս բավականին լարված ու հագեցած փուլի համատեքստում:

Այստեղ, իհարկե, մեծ նշանակություն է ունենալու այն, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի քաղաքական թիմը եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանը, ինչպիսին է նրա գնահատականը իրավիճակին: Արդյոք նա կանդրադառնա՞ թեմային Բիշքեկից վերադարձից հետո, որտեղ մասնակցում էր ՀԱՊԿ պետությունների ղեկավարների վեհաժողովին: Այն, որ իրավիճակը կարող է հանգեցնել կառավարող ուժի ներսում հերթական տարակարծությունների եւ բաժանարար մոտեցումների, կասկածից վեր է: Այստեղ էական է դառնալու, թե Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշմամբ որքանով կնախընտրի հարված վերցնել իր վրա եւ պահել Հայկ Մարությանին:

Մյուս կողմից, իսկ ով կարող է լինել կառավարող ուժի քաղաքապետի նոր թեկնածուն, նրանից բացի: Պետք է նկատել, որ, այսպես ասած, հնչեղ թեկնածուներ ցուցակում չկային, թեեւ մյուս կողմից, իհարկե, հնչեղությունը ամենեւին արդյունավետության երաշխիք չէ, եւ հակառակը: Իր հերթին հարց է, թե արդյոք Հայկ Մարությանը չի հայտնվե՞լ որոշակիորեն նաեւ ներքին հարվածի թիրախում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: