երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վիճակը հաղթահարելու՝ Փաշինյանի երեք լուծումները

Վիճակը հաղթահարելու՝ Փաշինյանի երեք լուծումները

Քանի դեռ չի եկել այն պահը, որ մենք մարդկանց ոչ թե ասենք՝ 20 հոգուց ավելի մի հավաքվենք, այլ ընդհակառակը, որքան հնարավոր է մեծ հարսանիքներ արեք, որեւէ պլան չի աշխատելու: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ծրագրեր ունի կառավարությունը` կորոնավիրուսի պատճառով տնտեսության կրելիք վնասները հաղթահարելու համար:

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Եթե մենք ենթադրենք 200 մլրդ բերում ենք եւ ասում ենք, որ ուզում ենք ներդնել տնտեսության մեջ, բայց իրավիճակն այնպիսին է, որ մարդկանց ասում ենք՝ տնից դուրս մի եկեք, դա ոչ մի էֆեկտ չի ունենալու: Մեր պլանի առաջին մասը հետեւյալն է. հնարավորինս արագ համաճարակային իրավիճակը փոխել այնպես, որ մարդկանց ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք, գնացեք ռեստորաններ, բացեք ձեր բիզնեսները: Երկրորդ հատվածը կապիտալ ծախսերի ինտենսիվ իրականացումն է եւ նոր միջոցների ներգրավում կապիտալ ծախսեր իրականացնելու համար:

Կապիտալ ծախսերի միջոցով ստեղծել նոր աշխատատեղեր, որոնց արդյունքում մարդիկ կստանան ավելի շատ աշխատավարձ, ավելի շատ սպառում կապահովվի»:

Նա ասաց նաեւ, որ հաջորդ ուղղությունը արտաքին ու ներքին նոր միջոցների ներգրավմամբ նոր կապիտալ ծրագրեր իրականացնելն է: Վարչապետը շեշտեց. «Համաճարակային վիճակը հաղթահարելուց հետո ես տեսնում եմ երեք լուծում՝ կապիտալ ներդրումներ, կապիտալ ներդրումներ եւ կապիտալ ներդրումներ»:

  • Կիսվել: