շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՊԵԿ նախագահի տեղակալները կառուցապատման ոլորտի տնտեսվարողների հետ քննարկել են հարկային օրենսդրական փոփոխությունները

ՊԵԿ նախագահի տեղակալները կառուցապատման ոլորտի տնտեսվարողների հետ քննարկել են հարկային օրենսդրական փոփոխությունները

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ  Արթուր Մանուկյանը հանդիպել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների և կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ՝ քննարկելու ոլորտում նախատեսվող հարկային օրենսդրական փոփոխությունները։

Հերթական հանդիպմանը քննարկվել են կառուցապատման ոլորտում ԱԱՀ-ի գումարների վճարման հետ կապված նոր կարգավորումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԱՀ-ի պարտավորության առաջացման ժամկետներին, շինթույլտվության ավարտմանը հաջորդող հիմնական աշխատանքների և շենքերի հանձնման ժամկետներին, չարաշահումների մասով ռիսկերին, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման խթանման միջոցներին։

Միաժամանակ, հանդիպմանն ամփոփվել են նախագծի վերաբերյալ տնտեսվարողների կողմից կոմիտեին ներկայացված առաջարկություններն և նկատառումները, որոնց շուրջ ևս ծավալվել են քննարկումներ, փոխանակվել մտքեր։

Լսելով կառուցապատողների առաջարկները՝ ՊԵԿ-ը նախատեսում է օրենքի փոփոխությամբ ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը՝ հաշվի առնելով նաև շինթույլտվության  երկարացումների ժամկետները:

Կոմիտեն տեղեկացնում է՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ ԱԱՀ-ի գումարների վճարման նոր կարգավորումները կկիրառվեն 2025 թ․ հունվարի 1-ից։ 

  • Կիսվել: