երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պահեստավորված սննդամթերք կա, 4 արկղ ձու գնելու կարիք չկա. ՏՄՊՊՀ  նախագահ

Պահեստավորված սննդամթերք կա, 4 արկղ ձու գնելու կարիք չկա. ՏՄՊՊՀ նախագահ

Ապրանքների գներին տիրապետում եմ, խնդիր չկա տոտալ գների վերահսկողություն իրականացնելու:  Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։  

Նա նշեց, որ այսօր որոշում կկայացվի և բոլոր տնտեսվարողներին կտան զգուշացում և կհորդորեն պատշաճ վարքագիծ դրսևորել:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման ապրանքների խնդիր չկա. «Մենք 44 անուն ապրանք ենք մոնիտորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, պահեստներում նույնպես կա», - ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա վստահեցրեց, որ պահեստավորված սննդամթերք կա, անհանգստանալու կարիք չկա: 

Գեղամ Գրիգորյանի խոսքով՝ այս օրերին աբսուրդային քանակի գնումներ են կատարում, և պետք է կարողանան հասցնել սուպերմարկետներում գնված ապրանիքի պակասը լրացնել:

«Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալու երևույթից , բայց հավաքվել խանութներում, հերթեր կուտակելն ավելի մեծ խնդիր է, պարենային ապրանքները ժամկետ ունենք մի մոռացեք, օրինակ՝ 4 արկղ ձու գնելու կարիք չկա»,- նշեց Գեղամ Գրիգորյանը։

Միաժամանակ ՏՄՊՊՀ  նախագահն ասաց, որ ալյուրի գինը չի թանկացել, բայց որոշակի ապրանքներ թանկացել են, դա կապված է դոլարի և ռուբլու գնի հետ: Մարզերի խանութների թանկացման հետ կապված էլ, ըստ նրա, մոնիտորինգ է կատարվում, բայց հիմնականում վերահսկվում են խոշոր խաղացողները:

Գեղամ Գևորգյանը նաև ասաց, որ արտակարգ դրության մասին որոշումը հրապարակելուց հետո որոշ խանութներում արձանագրվել է խառնաշփոթ, ինչն արձանագրել է նաև ՏՄՊՊՀ-ն։

Միաժամանակ նա նշեց, որ երեկ երեկոյան ուշ ժամի շրջել են խանութներում և արձանագրել, որ դարակաշարերում ապրանքները  լիքն են եղել:

«Մենք լուսանկարներ ունենք սուպերմարկետներից, որ մեզ փոխանցում են: Անկեղծ եմ ասում, մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ: Այս առևտրային բումն իջնելու է, և մենք խնդիր չենք ունենալու: Նորից եմ ընդգծում ու վստահեցնում՝ մենք երկրում որևէ տեսակի ապրանքի պակաս չունենք»,-  ընդգծեց  Գեղամ Գևորգյանը:

 

 

  • Կիսվել: