Օտարերկրյա օնլայն խաղատները եւ բուքմեքերական գրասենյակները պետք է լիցենզավորվեն հայկականների պայմաններով
Օտարերկրյա օնլայն խաղատները եւ բուքմեքերական գրասենյակները, որոնք խաղադրույքներ են ընդունում Հայաստանից, պետք է լիցենզավորվեն այն պայմաններով, ինչ եւ տեղական ընկերությունները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Մոլախաղերի, ինտերնետ-տոտալիզատորների եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ, հոկտեմբերրի 24-ին ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Օրինագծի համաձայն՝ օնլայն-խաղատներում խաղադրույք կատարող անձինք պետք է բացեն հատուկ հաշիվներ։ Այդ հաշիվները կարելի կլինի լրացնել ինքնուրույն։ Այդպիսով, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակների, եթե նախկինում մոլախաղերի սիրահարների շրջանակը մինչեւ վերջ մնում էր անհստակ, ապա այժմ իրավիճակն արմատապես կփոխվի։
«Կարելի կլինի պարզել, թե արդյոք խաղադրույքներ չեն կատարում բնակչության անապահով շերտերը, որոնք, օրինակ, ընտանեկան նպաստ են ստանում»,- ասել է Պապոյանը։
Նույնը վերաբերում է ուժայիններին, ինչպես նաեւ քաղաքացիների այլ խմբերի։ Իշխանություններն այս կերպ ցանկանում են թիրախային սահմանափակումներ մտցնել։
Խաղային բիզնեսի ընկերությունները դեմ չեն փոփոխություններին, հավաստիացնում են իշխանությունները։ Բայց եւ այնպես, նրանք պահանջում են հավասար մրցակցություն պահպանել։
Նշենք, որ 2022թ. ՀՀ-ում խաղադրույքների ծավալը ավելացել է մեկուկես անգամ՝ 3,9-ից հասնելով 5,8 տրլն դրամի (12,5 մլրդ դոլար)։
2023թ. առաջին կիսամյակում խաղադրույքների շրանառության աճը նկատելիորեն բարձրացել է (0,4 տոկոսով)։ Կառավարությունում, սակայն, կարծում են, որ խաղադրույքները կարող էին գնալ արտասահմանյան կայքեր։