Մեծ ինտենսիվությամբ ընթանում են Իսահակյան-Գյումրի և Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարական աշխատանքները
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Անի համայնք՝ ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ այցի նպատակը իրականացվող աշխատանքների վերահսկողությունն է։
Շուրջ 15կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է ճանապարհի վատթարագույն հատվածից՝ Բագրավանի տարածքից, այժմ իրականացվում է հին պատվածքի քանդում։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։ Շինարարությունը իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը։ Մարզպետի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ սահմանված ժամկետում կտեղավորվեն, Նազելի Բաղդասարյանը կարևորել է նաև աշխատանքների որակով իրականացումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, կառավարությունն արդեն 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամն հատկացրել է։
300 մլն 264 հազար դրամ գումար էլ կառավարության կողմից հատկացվել է Հ-93, /Հ-75/ – Երերույքի տաճար հանրապետական նշանակության ճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար, աշխատանքները մեկնարկել են Երերույքի հատվածից, շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
«Ես ուզում եմ արձանագրել, որ երկու հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհները, որոնց աշխատանքները մեկնարկել են և գումարներն արդեն իսկ հատկացված են, ընդհանուր արժեքը գրեթե 2 մլրդ 400մլն դրամ է: Ամբողջն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով և մենք հետևողական ենք լինելու, որ բյուջեի միջոցները նպատակային ու առանց թերացումների ծախսվեն։ Ընդհանուր առմամբ ես ուզում եմ նշել, որ Անիի տարածաշրջանի այս հատվածները և, առավելապես, բնակավայրերը ամենաղքատն են մարզում և ուշադրության ու պետության հոգածության կարիք ունեն»,- նշել է մարզպետը և տեղեկացրել, որ տարածաշրջանի համար ևս երկու ծրագիր է ներկայացվել որպես անհետաձգելի, որոնք արդեն իսկ նախնական հավանության արժանացել են:
Առաջինը Անի Պեմզայի բազմաբնակարան շենքերի կտուրների նորոգումն է, հաջորդը Բագրավանի դպրոցի վերականգնումը՝ պատուհանների, դռների փոփոխումը, հարակից տարածքի որոշակի բարեկարգումը։ Մարզպետն այցելել է նաև Բագրավանի դպրոց, շրջել դպրոցում, խոսել ծրագրով նախատեսված առաջիկա անելիքների մասին։