երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանկատան եւս 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր ստացավ

Մանկատան եւս 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր ստացավ

Մանկատան եւս 30 շրջանավարտ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում այսօր ստացավ բնակարանի գնման վկայագիր: Այս մասին հայտնում  են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

«Իրականում, մեզ համար եւս շատ հուզիչ է այս իրադարձությունը: Շնորհավորում եմ բոլորիդ եւ հուսով եմ, որ այս հնարավորությունը կփոխի ձեր կյանքի որակը, կապահովի բարեկեցիկ պայմաններ՝ ընտանեկան երջանկություն ստեղծելու համար: Նախարարությունը շատ է կարեւորում նաեւ մարզերում բնակարանների ձեռքբերումը, ինչին զուգահեռ դուք առաջնահերթության կարգով կարող եք ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում, վերապատրաստվել եւ զբաղվել ձեռներեցությամբ»,- արարողության ժամանակ նշել է նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Այնուհետեւ, մանկատան շրջանավարտներին պարզաբանվել է բնակարանների գնման հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր, զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու պայմանները, որոնց միջոցով նրանք կարող են ապահովել կայուն աշխատանք եւ եկամուտ:

Հիշեցնենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերից՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո: Որոշումը վերաբերում է մանկատան 300 շրջանավարտների: Այդ նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է 1.9 մլրդ դրամ՝ իր խնայողությունների հաշվին:

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ:

  • Կիսվել: