երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյուղոլորտում պետական ծրագրերից օգտվող տնտեսվարողների համար նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի. նախագիծ

Գյուղոլորտում պետական ծրագրերից օգտվող տնտեսվարողների համար նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի. նախագիծ

Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարող սուբյեկտների համար ավելի նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը:

Ըստ նախարարի տեղակալի՝ գործող հարկային օրենսգրքի կանոնների համաձայն՝ երբ դրամական միջոցների տեսքով անհատույց գումարներ են ստացվում, ու ստացողն էլ համարվում է շահութահարկ վճարող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, պարտավոր է այդ գումարը ստացման տարվա ընթացքում ամբողջովին եկամուտ ճանաչել՝ շահութարկով հարկման նպատակով:

«Իսկ եթե եկամտի կողքը չկան համարժեք ծախսեր, ստացվում է, որ այդ եկամուտն այդ չափով վեր է ածվում շահույթի, որը ենթակա է 18 տոկոս դրույքաչափով հարկման: Ասել է թե պետական աջակցության այս գումարները ստացողները գործող օրենսդրության պայմաններում, այլ հավասար պայմաններում նաև հարկային հետևանքների կրողներ են, որովհետև եթե, օրինակ, ինտենսիվ այգեհիմնման ծրագիր է իրականացրել որևէ տնտեսվարող սուբյեկտ, ժամանակի ընթացքում որոշակի գումարներ է ծախսել, այնուհետև հայտ է ներկայացրել՝ պետությունից որոշակի համաֆինանսավորման գումար ստանալու, ստացման տարվա ընթացքում այդ գումարը ենթակա է շահութահարկով հարկման: Սա նշանակում է, որ պետական աջակցությունն այդ մասով վերջնական նպատակին պակաս է ծառայում»,- ասաց նա:

Արման Պողոսյանը նաև պարզաբանեց, որ եթե գումարները նախապես տրվեին, բայց նպատակով տրվեին, և տնտեսվարողը սկսեր օգտագործել այդ գումարները կրկին այգեհիմնման ծրագիր իրականացնելու նպատակով, գործող կանոնների համաձայն՝ ստացված գումարը եկամուտ կհամարվեր ոչ թե անմիջապես ստացման տարվա ընթացքում, այլ այդ ակտիվների ծախսագրմանը կամ կորուստի ճանաչմանը զուհագեռ: Այսինքն՝ որևէ հարկային հետևանք չէր ունենա:

«Հիմա, բնականաբար, կարգապահության տեսակետից այլ հավասար պայմաններում նախընտրելի է, որ տնտեսվարող սուբյեկտը կատարի այգեհիմնման օրինակով, եթե ներկայացնելու լինեն ծախսերը, փաստաթղթավորի, այնուհետև հայտ ներկայացնի և պետությունից ստանա համաֆինանսավորման գումարը: Ահա այս նախագծով մենք առաջարկում ենք վերջում ստացվող գումարները կրկին չհարկել շահութահարկով, որպեսզի պետական աջակցության գործիքակազմի շրջանակներում տրամադրված գումարները մինչև վերջին դրամը ծախսվեն հասցեավորված և նպատակին»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ նախագծի հիմքում գյուղատնտեսության ոլորտի գործարարներից, միություններից, ասոցիացիաներից ստացված առաջարկն է, որը նախարարությունը հիմնավոր է համարել:

  • Կիսվել: