կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հուլիսի 1–ից միկրոբիզնեսը 1 աշխատողի համար 5000 դրամի փոխարեն 20 տոկոս եկամտահարկ կվճարի

Հուլիսի 1–ից միկրոբիզնեսը 1 աշխատողի համար 5000 դրամի փոխարեն 20 տոկոս եկամտահարկ կվճարի

Նախկինում միկրոբիզնեսում վարձու աշխատողների համար եկամտահարկը  հաշվարկվում էր ամսական 5 հազար դրամ հաստատուն դրույքաչափով՝ անկախ աշխատավարձի մեծությունից, իսկ հուլիսի 1-ից պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարել: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Խոսքն այս դեպքում ոչ թե միկրոբիզնեսի սեփականատերերի հարկային պարտավորությունների մասին է, այլ նրանց վարձու աշխատողների: Մեզ մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, թե եկամտային հարկը վճարում են գործատուները, մինչդեռ իրականում այդպես չէ: Եկամտային հարկ վճարողները աշխատավարձ ստացող վարձու աշխատողներն են: Պարզապես, հարկի հաշվարկման եւ վճարման մեխանիզմն է այնպիսին է, որ գործատուներն են այդ հարկը հաշվարկելու, պահելու եւ  վարձու աշխատողների փոխարեն վճարելու պետական բյուջե»,-ասաց նա:

Հարցին, թե եթե հարկը ավելանում է, արդյոք գործատուն ստիպված չի լինելու նվազեցնել աշխատավարձը, փոխնախարարը պատասխանեց, որ այդ կարծիքն ունի հիմնավոր կողմեր. «Միատեսակ եկամուտը պետք է հարկվի միատեսակ կանոններով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ աշխատավարձ վճարող գործատուն հարկման որ համակարգում է գործում՝ միկրոձեռնարկատիրություն, թե շրջանառության հարկի համակարգ, թե հարկման ընդհանուր համակարգ: Այդ սկզբունքը ենթադրում է, որ այդ եկամուտը բոլորի մոտ նպատակահարման է հարկել նույն կանոններով»:

Արման Պողոսյանը նշեց, որ 2022-ի տվյալներում եղել է շուրջ 53 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որոնք տարին սկսել ու ավարտել են որպես այդպիսին. «Եվս շուրջ 3 հազար հարկ վճարողներ, 2022-ին լինելով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, տարվա ընթացքում փոխել են իրենց հարկման համակարգը: 2023-ին պատկերը գրեթե նույնն է»;

Փոխնախարարը նկատեց, որ թեեւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին օրենքով չի արգելվել, որ աշխտանքներ կամ ծառայություններ կատարեն կազմակերպությունների համար, բայց տրվել է կարգավորում, ըստ որի ԱԱՀ վճարողները չեն կարողանալու հարկման բազան նվազեցնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով. «Այ սա մի գործիք է, որը կճշգրտի իրական միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թվաքանակը եւ  ակնկալվում է, որ նրանց թիվը կնվազի»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով, այս փոփոխությունից հետո որոշ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ ինչ-որ պահից կդադարեն այդպիսին լինելուց, որպեսզի կարողանան շարունակել բիզնեսի հետ իրենց գործակցությունը եւ կդառնան կամ շրջանառության հարկ վճարողներ, կամ ԱԱՀ վճարող հարկ վճարողներ:

Նա ներկայացրեց, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից որ մասը ինչով է զբաղվում. «Շուրջ 36 տոկոսը զբաղվում է առեւտրով, շուրջ 21 տոկոսը զբաղված է սպասարկման ոլորտում, 16 տոկոսը՝         մշակող արդյունաբերության ոլորտում:

Այս փոփոխությամբ այլեւս գործատուները չեն կարող իրենց վարձու աշխատողին գրանցել որպես ծառայություն մատուցող, քանի որ չի կարող այդ մասով աշխատավարձը նվազեցնել. «Ակնկալիքը հենց դա է, որ այդ անձինք աստիճանաբար տեղափոխվեն իրենց համար նախատեսված հարկային միջավայր եւ առնվազն դառնան շրջանառության հարկ վճարողներ:

  • Կիսվել: