երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին

Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին

 Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը արտագնա աշխատողների համար հարկային լրացուցիչ բեռ չի ստեղծի:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ համակարգի ներդրման վերաբերյալ նախագծի առնչությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներում: 

«Հաշվի առնելով, որ այս նախաձեռնությամբ չի նախատեսվում որևէ չհարկվող եկամուտ դարձնել հարկվող, չի նախատեսվում որևէ նվազեցումների շրջանակ սահմանափակել: Եվ ահա այս տրամաբանության մեջ չի նախատեսվում նաև հարկային բեռի վերանայում՝ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով: Ավելին՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով չպահանջվի նաև արտերկրում վճարված հարկերի մասին տեղեկանքի ներկայացում»,-ասաց Պողոսյանը:

Ակնկալվում է, որ այս հնարավորությունը կտրվի անցումային ժամանակաշրջանում, որը նախատեսված է 5 տարվա հեռանկարով: Եվ դրա ավարտից հետո գործնականում արդեն ներդրված կլինեն հարկային մարմինների միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգերը, առնվազն ԵԱՏՄ շրջանակում ակտիվորեն այսպիսի գործընթաց է ընթանում:

  • Կիսվել: