շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կապահովվի նոր ներդրումների հոսք, կստեղծվեն բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ

Կապահովվի նոր ներդրումների հոսք, կստեղծվեն բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» որոշում, որի նպատակն է նոր ներդրումների հոսքի ապահովումը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսավորման ինստիտուտի ներդրմանը: Դա էլ իր հերթին կարևոր նախապայման է կապիտալի շուկայի զարգացման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն երեք նոր ֆոնդեր՝ այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն ընձեռելով տնտեսավարողներին, միևնույն ժամանակ ներդրումային ֆոնդերին ներդրումային կարողությունների ընդլայնման հնարավորություն տալով։ Մասնավորապես, «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդի վերոշարադրյալ փորձը հաշվի առնելով ակնկալում է, որ հավաքագրված հարկեր/պետության կողմից կատարված համախառն ներդրումներ ցուցանիշը կկազմի 20%: Ի լրումն նշյալի` ակնկալվում է, որ բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների ստեղծումն ու ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների աճը կունենան հավելյալ մուլտիպլիկատիվ ազդեցություն։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը՝ ծրագրի շահառու են համարվում այն ներդրումային ֆոնդերը, որոնք ներդրումներ են կատարում ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում: Ծրագրով գերակա ոլորտներ են համարվում՝ մշակող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը: «Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարում են 1 մլրդ կամ ավելի ԱՄՆ դոլար չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ ներդրողի կողմից առնվազն 250 մլն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի քան 3 մլրդ դրամը»,-ասել է Անի Իսպիրյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Այսպիսով՝ մենք ուզում ենք հրավիրենք և խթանենք միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը թեմայի առնչությամբ նշել է. «Այստեղ ոչ թե նվազագույն չափի վրա պետք է ուշադրություն դարձնել, այլ մյուս չափի, որը կառավարության ֆինանսավորման կամ համաֆինանսավորման առավելագույն չափն է՝ 3 մլրդ դրամը: Դա նշանակում է, որ միջազգային 1 մլրդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 մլրդ դրամ ակտիվ, ևս 3 մլրդ դրամ կներդնի կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է: Իհարկե, մեր նպատակն այն է, որ այսպիսի միջազգային հեղինակության և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական, այլ առաջին հերթին կառավարման մշակույթի ներկայություն է: Միևնույնն է այն կազմակերպությունները, որտեղ իրենք պետք է ներդրումներ կատարեն, թվով շատ են, և յուրաքանչյուր կազմակերպությունում, որտեղ իրենք փայեր են ձեռքբերում, իրենք նախ և առաջ լուծում են ֆինանսական, կառավարման թափանցիկության, շահերի բաշխվածության և հակակշիռներ ստեղծելու կորպորատիվ կառավարման մեխանիզմների ու այլ կարևոր կանոնների միջև, որոնք հենց մասնավոր հատվածի կառավարման մշակույթի ձևավորման կարևոր կամ առաջընթաց քայլ են»:

  • Կիսվել: