հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀԴՄ չկիրառելու համար տուգանքի մեկ միասնական մեծություն կսահմանվի՝ անկախ տարվա ընթացքում խախտումների թվից

ՀԴՄ չկիրառելու համար տուգանքի մեկ միասնական մեծություն կսահմանվի՝ անկախ տարվա ընթացքում խախտումների թվից

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի նպատակն է կանոնակարգել և հստակցնել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերը, վերանահել օրենսգրքի առանձին դրույթներ, ինչպես նաև սահմանել նոր կարգավորումներ:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու դրույթները:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև hսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 2-րդ և ավելի անգամ խախտումների հիմքով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները, միաժամանակ, հանել նաև գործունեությունը կասեցված հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հրապարակելու պահանջը, հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին սահմանելու վերաբերյալ դրույթը:

Նախատեսվում է հստակեցնել, որ հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող է հանդիսանալ ՀԴՄ կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին ուսումնասիրության հանձնարարագիր չի պահանջվում:

Օրինագծով առաջարկվում է սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից, ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից:

Քանի որ որևէ արարքի համար պատասխանատվության միջոցի սահմանումն առաջին հերթին պետք է նպատակաուղղված լինի տվյալ արարքի կանխարգելմանը, միաժամանակ ապահովելով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ պատասխանատվության համաչափության սկզբունքի պահպանումը և հաշվի առնելով այն, որ նախատեսվող պատասխանատվությունը որքան համաչափ լինի իրավախախտման ծանրությանը, այնքան արդյունավետ կլինի դրա կանխարգելիչ նշանակությունը, առաջարկվում է բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը (1-ին դեպքի համար՝ 200 հազար դրամի փոխարեն սահմանել 500 հազար դրամ, 2-րդ դեպքի համար՝ 500 հազար դրամի փոխարեն՝ 2 միլիոն դրամ, 3-րդ և ավելի դեպքերի համար՝ 1 միլիոն դրամի փոխարեն 10 միլիոն դրամ):

  • Կիսվել: