երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայկական և գերմանական կողմերը պայմանավորվել են ամրապնդել ու ընդլայնել զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը. Սվենյա Շուլցե

Հայկական և գերմանական կողմերը պայմանավորվել են ամրապնդել ու ընդլայնել զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը. Սվենյա Շուլցե

Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին՝ հավակնոտ ծրագրերի, բարեփոխումների ճանապարհին: Այս մասին վստահեցրեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ համատեղ ասուլիսում:

Նա հավելեց, որ հայկական և գերմանական կողմերը պայմանավորվել են ամրապնդել ու ընդլայնել զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը, բարձրացնել այն նոր մակարդակի:

Շուլցեի խոսքով՝ մարտահրավերներով լի ժամանակներում մեծապես կարևորում են այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումներ իրականացնելու և նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով: Նա ընդգծեց, որ Հայաստանն այդ երկրների շարքում է:

՛՛Հայ գործընկերների հետ պայմանավորվեցինք մինչև այժմ զարգացման քաղաքականության շուրջ ընթացած մեր համագործակցությունը բարձրացնել մեկ այլ՝ նոր մակարդակի վրա, որը ենթադրում է նաև ուղիղ միջկառավարական խորհրդակցություններ և բանակցություններ, որոնց շրջանակում կտրվեն անհրաժեշտ միջոցներն այն բոլոր ուղղությունների համար, որոնք պայմանավորվել ենք իրականացնել: Գերմանիան հետամուտ է Հայաստանին հետայսու ևս օգնել իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին:

Այսօր ևս մեկ անգամ ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ խոսեցինք նոր, ավելի կարևոր ուղղությունների մասին, որտեղ կարող ենք ամրապնդել մեր երկկողմ զարգացման քաղաքականությունը՛՛,-ասաց գերմանացի պաշտոնյան:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց. ՛՛Քննարկվել են առաջին հերթին Գերմանիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը, որոնք ընդգրկում են ոչ միայն արդեն հաստատված համագործակցության ոլորտները, այլ նաև՝ նոր ոլորտներ, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում:

Մենք առանձնացրել ենք դրանից ամենահետաքրքիրները, որոնցից են վերականգնվող էներգետիկան, արևային էներգետիկան, պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերները և այլն՛՛:

 

  • Կիսվել: