Գերմանիան կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում. աղբյուր
Գերմանիայի զինված ուժերը կապահովեն Լատվիայի օդային տարածքի պաշտպանությունը հոկտեմբերի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում, տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Ինչպես հաղորդվում է՝ որոշումը կայացվել է վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Բալթյան երկրների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացվող խախտումների աճի ֆոնին։
Գերմանիան աջակցում է արևելյան թևում խոցելի դիրքերում գտնվող դաշնակիցներին և սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում կտեղակայի փոքր զորախումբ՝ համալրված Eurofighter կործանիչներով, որոնք Նոյբուրգ-ան-դեր-Դոնաուի ավիաբազայից կտեղափոխվեն Լատվիայի կենտրոնական մասում գտնվող Լիելվարդեի ռազմական օդանավակայան։
Նշվում է նաև, որ Լատվիա կուղարկվեն նաև մի քանի տասնյակ զինծառայողներ և մասնագետներ։ Ավելի վաղ Լատվիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից աջակցություն էր խնդրել օդային տարածքի պահպանման հարցում՝ ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Լատվիայի խորհրդարանի (Սեյմի) ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 3-ին։



