Հայաստանը մասնակցել է Նյու Դելիում կայացած Արևային միջազգային դաշինքի վեհաժողովին
Հայաստանը որպես ստորագրած կողմ և նոր անդամ նոյեմբերի 4-ին առաջին անգամ մասնակցել է Նյու Դելիում կայացած Արևային միջազգային դաշինքի (ISA) 7-րդ վեհաժողովին։ Ինչպես տեղեկանում ենք Հնդկաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից՝ Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանն այդ առթիվ իր խոսքում նշել է, որ Հայաստանը, միանալով այս միջազգային նախաձեռնությանը, հաստատակամ է զարգացնելու արևային էներգետիկայի ոլորտն ու նպաստելու էներգետիկ անկախության ամրապնդմանը։
ՀՀ դեսպանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը առաջնահերթություն է տալիս վերականգնվող էներգետիկային։ 2022-2030 թթ. իր էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրի շրջանակներում Հայաստանը նպատակ ունի արևային էներգիայի արտադրությունը 5%-ից հասցնել 15%-ի։
Գլխավոր նախագծերից են արևային կայանքների տեղադրման ծրագրերի իրականացումն ու մասնավոր հատվածի խրախուսումը։ Աջակցություն է ցուցաբերվում նաև էլեկտրական տրանսպորտի ներկրումներին և լիցքավորման կայանների տեղադրմանը:
2040թ. համար Հայաստանը նպատակադրված է ունենալ 60% վերականգնվող էներգիայի բաժին՝ միջազգային համագործակցության միջոցով զարգացնելով դիմակայուն և կայուն էներգետիկ համակարգեր։
Միջազգային Արևային Դաշինքի նպատակն է խթանել մաքուր և կայուն էներգետիկայի զարգացումը՝ հիմնվելով արևային էներգիայի կիրառման վրա։2025-2026թթ. համար Հնդկաստանն ու Ֆրանսիան համապատասխանաբար վերաստանձնել են դաշինքի նախագահությունն ու համանախագահությունը: