Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստան իր այցի շրջանակում առանձին հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի նախօրեին:

Պուտինը հինգշաբթի երկօրյա այցով ժամանել է Թուրքմենստան։ Ուրբաթ Կասպից ծովի արևելյան ափին գտնվող «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում կանցկացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը։ Դրան կմասնակցեն մերձկասպյան հինգ պետությունների առաջնորդները, այդ թվում՝ Իրանի նախագահը։

Հանդիպման ընթացքում Պուտինը Փեզեշքիանին խնդրել է իր լավագույն մաղթանքները փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են դրական հունով։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով աճել է ավելի քան 21 տոկոսով։ Այդ միտումը, նշել է Պուտինը, պահպանվում է նաև 2026 թվականի առաջին յոթ ամիսներին։

Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։