երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է

«Հայաստանի Հանրապետություն»․ Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կառավարության շենքի դիմաց երեկ բողոքի ցույց էր․ տարբեր մարզերից ժամանած մի քանի տասնյակ գյուղացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, իսկ խանութներում, շուկաներում պետք է վաճառվեն միայն սպանդանոցներում մորթված անասունների միսը։ Այս բողոքը թերեւս սպասված էր, քանի որ գործող սպանդանոցները չէին կարող լուծել ամբողջ հանրապետության պահանջարկը։

«Միանշանակ պետք է գնալ այս փոփոխությանը, որովհետեւ դա հանրային առողջության, սննդի անվտանգության հարց է։ Երբ դիտարկում ենք, թե ինչ պայմաններում է իրականացվում բակային մորթը, ապա դա պատշաճ չէ։ Մեկ այլ հարց է, թե մորթից հետո ինչպիսին է լինում տարածքի վիճակը։ Բոլոր առումներով շատ վատ է, բայց մենք պետք է կարողանանք մարդկանց հետ շատ ավելի սերտ աշխատել։ Պետք է նաեւ օգնենք, որպեսզի փոքր սպանդանոցներ հիմնվեն անգամ յուրաքանչյուր գյուղում։ Կօգնենք գործադիրին, որպեսզի արագ եւ մոբիլ այդ հարցը կարողանան լուծել»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։

Հանձնաժողովի նախագահի տեղեկալ Սերգեյ Բագրատյանի խոսքով, խնդիրն առավել սուր է հեռավոր գյուղերում։ Այս կարգավորման արդյունքում անասնատիրոջ համար առաջանում են լրացուցիչ ծախսեր։ «Սակայն հաշվի առնենք, որ սա միակ քաղաքակիրթ ճանապարհն է կանխել բնակչության շրջանում հնարավոր հիվանդությունների տարածման ռիսկը»,- ասաց նա, նշելով, որ խնդրի լուծման տարբերակներից կարող է լինել այն, որ առանձին դեպքերում հնարավորություն տրվի անասնաբույժին հրավիրել իրենց մոտ եւ մեկ կանչի համար որոշակի գումար վճարելով, ստուգում իրականացնել, իսկ թույլտվություն ստանալուց հետո տեղում կազմակերպել մորթը»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: