ԵՏՀ կոլեգիայի նախագահը ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման գործընթացների ինտեգրման Digital Union հայեցակարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման գործընթացների ինտեգրման Digital Union հայեցակարգը։
«Հենվելով ազգային կառավարությունների հաջող պրակտիկայի վրա և գործի դնելով ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունները ՝ մենք առաջ ենք քաշել Digital Union-ի գաղափարը։ Դրա նպատակն է մեր ժողովուրդներին և բիզնեսին ցույց տալ Եվրասիական տնտեսական ինտեգրման իրական օգուտները։ Ընդ որում, մենք ելնում ենք անդամ պետությունների թվային ինքնիշխանության անվերապահ անձեռնմխելիությունից»,-«Թվայնացումը ժամանակակից իրողություններում ՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Բակիտժան Սագինտաևը։
Նրա խոսքով ՝ այդ հայեցակարգը համաձայնեցված է թվայնացման համար պատասխանատու ԵԱՏՄ պետությունների պրոֆիլային գերատեսչությունների հետ։ Սագինտաևը առանձնացրել է երեք հիմնարար սկզբունք, որոնց վրա կառուցվելու է Digital Union-ը, և որոնք ոչ մի կերպ չեն ազդում երկրների թվային ինքնիշխանության վրա։
«Առաջին հերթին, սա նորմատիվ և ենթակառուցվածքային լուծումների համատեղելիությունն է, որոնք կօգտագործվեն թվային միության ձևավորման մեջ: Այս առումով ազգային թվային հարթակների փոփոխություններ չեն պահանջվի։ Երկրորդ՝ կապահովվի ազգային թվային հարթակների սինխրոնիզացիան և անխափան փոխգործակցության հնարավորությունը։ Երրորդ սկզբունքը ինտեգրացիան է. Digital Union-ն ուղղված է բոլոր չորս «ազատությունների» թվայնացմանը այն ծավալներով և տեմպերով, որոնց պատրաստ են անդամ պետությունները, յուրաքանչյուր երկիր կարող է միանալ ընդհանուր պլատֆորմի տարրերին՝ ըստ պահանջարկի»,- նշեց Սագինտաևը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կարծիքով՝ նման սկզբունքները թույլ կտան կապել թվայնացման ոլորտում երկրի լավագույն լուծումները՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով դրանց հետագա մասշտաբավորման համար:
«Կձևավորվեն եվրասիական «հնգյակ» երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց նույնականացման փոխճանաչելի համակարգեր՝ առանց տվյալների փոխանցման: Նշված համակարգերի փոխադարձ ճանաչման պիլոտային նախագիծն արդեն իրականացվում է ԵՏՀ-ի կողմից Հայաստանի և Ղրղզստանի հետ համատեղ, Ղազախստանը նախագծին միանալու գործընթացում է:
Մենք հետևողականորեն, հաշվի առնելով երկրների շահերը, կշարունակենք իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային առավելությունը՝ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ապահովման լեգիտիմ իրավունքը»,- եզրափակեց ԵՏՀ կոլեգիայի նախագահը: