չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը պարզաբանում է ներկայացրել՝ կապված խաղողի մթերման շուրջ ստեղծված իրավիճակի հետ

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը պարզաբանում է ներկայացրել՝ կապված խաղողի մթերման շուրջ ստեղծված իրավիճակի հետ

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը պարզաբանում է ներկայացրել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրավիճակի հետ կապված:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ լրատվամիջոցներ, սիրելի՛ խաղողագործներ.

Եվս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները, որպեսզի տարընկալումների և տարբեր շահարկումների առիթ չհանդիսանա:

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները զգալի նվազել են, ուստի առաջացել է սպիրտի պահպանման համար նախատեսված պահամանների քանակի խնդիր: Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավելյալ սպիրտ պահեստավորել:

Եվս մեկ անգամ հորդորում եմ զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից:

Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը:

Հուսով ենք՝ խաղողագործների խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ խաղողագործներն ակցիա են իրականացնում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ: Նրանք նշում էին, որ կոնյակ արտադրող ընկերությունները չեն մթերում խաղող, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ է ստեղծվել, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ խաղողագործներին ասել էր, թե Գագիկ Ծառուկյանին խնդրել են, որ բացի գործարանը, սակայն նա հրաժարվել է:

 

  • Կիսվել: