երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եղանակն այս տեմպերով փոխվի, Հայաստանում կսկսենք ձիթապտուղ աճեցնել

Եղանակն այս տեմպերով փոխվի, Հայաստանում կսկսենք ձիթապտուղ աճեցնել

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Մասնավորապես, կառավարությունն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ազատեց ներմուծման մաքսատուրքից:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ այս ընկերությունն արդեն օգտվում էր նման արտոնությունից, այժմ փոփոխություն է կատարվում նախկինում ընդունված որոշման մեջ:

Նախագծով առաջարկվում է ապրանքների արժեքն ավելացնել 1,6 մլրդ դրամով, որի արդյունքում ներդրումային ծավալը կազմելու է 3,3 մլրդ դրամ:

Ընկերությունն առաջին արտոնություն ստացել է 2019 թվականին, այն զբաղվում է ձիթապտղի վերամշակմամբ եւ արտադրությամբ, Կոտայքի մարզում:

2002 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ձիթապտուղ աճեցնելու փորձեր արդեն կան, բայց կարծում է, որ արդյունաբերական ծավալների կարող ենք աճեցնել:

«Չնայած որ եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին երևի կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել: Կիվի արդեն աճեցնում են, և բավականին լուրջ ծավալներով»,- նշեց վարչապետը։

 

  • Կիսվել: