երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս տարի մենք սպասում ենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ․ Փաշինյան

Այս տարի մենք սպասում ենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը, որին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին, ՀԱԱՊ-ի տնօրենների խորհուրդը և ավելի քան 100 անդամներ, ինչպես նաև ՀՀ կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանում իրականացված քաղաքական հեղափոխությունից հետո իր գլխավորած կառավարությունը գործունեության առաջին օրերից հռչակել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը ու հավելել, որ այդ ճանապարհով գնալու համար առանձնացվել է երեք հիմնական ուղղություն:

«Առաջինը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը՝ մենաշնորհների վերացումը, երրորդը` ստվերային տնտեսության դեմ պայքարը: Մեր առաջին շերտի գործողություններն ուղղված են եղել հենց սրան: Այս մոտեցումն արդարացրել է իրեն և ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև այս տարի մենք սպասում ենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ:

Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ, որոնց հիմնական մասը վերաբերվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականին: Իհարկե մենք հասկանում ենք, որ այս երեք գործիքներն ունեն որոշակի պոտենցիալ և այն հավերժ չէ: Նկատի ունեմ ստվերի դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհի դեմ պայքարը. դրանք, բնականաբար, պետք է լինեն շարունակական գործողություն, բայց իրենք իրենցով տնտեսական աճը, աշխուժությունը խթանելու մի պաշար ունեն և այդ պաշարն ինչ-որ մի պահի պետք է սպառվի»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ:

Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը 2020 թվական մուտք է գործում նոր՝ հավելյալ գործիքակազմով, որի մեջ գործադիրի ղեկավարն առանձնացրել է հատկապես Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք իրենց ամենատեսանելի հատվածներով արտահայտում են կառավարության պատկերացումը Հայաստանի տնտեսության ապագայի և զարգացման ուղղությունների վերաբերյալ: «Դրանցից առաջինը համահարթ եկամտահարկի ներդրումն է, որը որոշակի քննադատությունների է արժանանում, բայց այդ քննադատությունը գաղափարական բնույթի է: Եվ ուզում եմ ասել, որ օրենսդրական փոփոխությունն արտահայտում է տնտեսության զարգացման ուղղությունների մասին մեր պատկերացումը ու մենք ցանկանում ենք խթանել այն ուղղությունները, որոնց կարելի է անվանել բարձր աշխատավարձով տնտեսության ոլորտներ:

Մենք գիտենք, որ բարձր աշխատավարձերի համար էականորեն իջեցվում է եկամտային հարկը և այդ ուղղությունը շարունակելու ենք: Հունվարի 1-ից ներդրվելու է 23 տոկոս համահարթ եկամտահարկ և այդ պրոցեսը կշարունակվի: Առաջիկա տարիներին մենք կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Որոշակի իջեցում է նախատեսվում նաև շահութահարկի գծով: Եվ որ նույնպես կարևոր է, մենք միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից: Սա ցույց է տալիս մեր գործունեության երկու հիմնական ուղղություն. առաջինը՝ խթանել տեխնոլոգիական ոլորտի ներդրումները ՀՀ-ում և այդ ուղղությամբ երկրի գրավչությունը բարձրացնել: Զուգահեռ նաև գործում է ստարտափերի մասին հայտնի օրենքը, որի պայմանները մենք բարելավել ենք: Մյուս կողմից որպես աղքատության հաղթահարման գործիք՝ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատում ենք հարկերից, որովհետև մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը, որ աղքատության հաղթահարման այլ ճանապարհ, քան աշխատանքն է՝ գոյություն չունի: Հետևաբար, եթե մենք որևէ քաղաքացու ուզում ենք օգնել աղքատության հաղթահարման գործում՝ պետք է աշխատատեղեր ստեղծենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունն այս ուղղությամբ որոշակի ծրագրեր է իրականացնում և սոցիալական բլոկի քաղաքականությունը նույնպես միտված է աշխատանքի խրախուսմանը: Նիկոլ Փաշինյանն ավելորդ չի համարել հիշատակել ԱԱՀ դեբետների վերադարձման մասին օրենքի նախագիծը, որն արդեն ընդունված է և պրոցեսը սկսվել է: Կառավարությունը պատրաստվում է ԱԱՀ 45-56 մլրդ պարտք վերադարձնել տնտեսավարողներին:

«Ըստ որում, խոսքը ժամկետանց պարտքերի մասին է, բայց ԱԱՀ վերադարձի ցուցանիշը 2017թ.-ի համեմատ 2019-ի 10 ամիսների կտրվածքով արդեն կրկնապատկել ենք: Այսինքն, եթե 2017 թ. կտրվածքով վերադարձվել է 54 մլրդ դրամի ԱԱՀ, ապա այս տարվա 10 ամիսների կտրվածքով վերադարձվել է մոտ 114 մլրդ դրամ: Սրանք այն գումարներն են, որոնք անարդարացիորեն կամ օրենսդրական կարգավորումների բերումով, դուրս էին գրվել տնտեսական շրջանառությունից: Եվ հիմա մենք այդ գումարները վերադարձնում ենք տնտեսությանը՝ հույս ունենալով, որ դրանք կվերաներդրվեն տնտեսության մեջ: Իհարկե, այստեղ մենք ռեպրեսիվ կամ վարչական լծակներ չունենք, որպեսզի պարտադրենք ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում: Բայց մենք այս կոչը հղել ենք ԱԱՀ դեբետի մնացորդները հետ ստացող ընկերություններին՝ կոչ անելով, որ ըստ էության իրենց ընկալումներով դրանք կորսված գումարներ էին և ոչ ոք լուրջ չեր կարող վերաբերվել, որ դրանք կարող էր հետ ստանալ:

Եվ ահա մենք կոչ ենք անում, որպեսզի դրանք վերաներդրվեն Հայաստանի Հանրապետությում: Իհարկե, կլինեն ընկերություններ, որ այս կոչին կարձագանքեն և բոլոր այդ ընկերություններին մենք կընկալենք որպես գործընկեր ու կողջունենք այդ գործընկերային վարվելակերպը»,- նշել է վարչապետը:

  • Կիսվել: