հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2023 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է շուրջ 23 մլրդ 335 մլն դրամ գումարի կապիտալ ներդրում

2023 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է շուրջ 23 մլրդ 335 մլն դրամ գումարի կապիտալ ներդրում

2023 թվականին Շիրակի մարզում  նախատեսվում է շուրջ 23 մլրդ 335 մլն դրամ գումարի կապիտալ ներդրում։ 13 մլրդ 500 մլն դրամ գումար կուղղվի ճանապարհաշինությանը, 3 մլրդ 600 մլն դրամ՝ բնակարանաշինությանը։ Այս մասին մարզային խորհրդի հերթական նիստի ժամանակ ներկայացրել է մարզպետարանի ֆինանսական վարչության ղեկավար Լիպարիտ Մարտիրոսյանը:

«Մարզխորհրդի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի 1-ին կիսամյակի կատարմանը, հունիսի 30-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 95.5 տոկոսով, հողի և գույքի վարձակալության գումարները գանձվել են 80.9 տոկոսով, փոխադրամիջոցներից գույքահարկը՝ 92.2։ Մարզի համայնքներից սեփական եկամուտներն ամենաբարձրը կատարել է Արթիկը՝ 100.7 տոկոս»,-տեղեկացրել է ֆինանսական վարչության ղեկավարը: 

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ նշել է, որ մարզպետի աշխատակազմում իրականացվել է վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության գործընթաց՝ 14 կառուցվածքային ստորաբաժանումները միաձուլվել և անվանափոխվել են, ինչի արդյունքում ստեղծվել են նոր 10 կառուցվածքային ստորաբաժանումներ՝ 7 վարչություններ և 3 բաժիններ, բոլոր աշխատակիցները վերանշանակվել են նոր պաշտոնների:

Ինչպես նշել է մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 32 տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 7 մլրդ 568 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը՝ 3 մլրդ 937 մլն դրամ (52%), համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 3 մլրդ 542 մլն դրամ (46.8%) և այլ ներդրողներ 89 մլն դրամ (1.2%)։

2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 41 տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրային հայտեր՝ 188 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 13 մլրդ 855 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմել 7 մլրդ 238 մլն դրամ (52%)։

Օրակարգային հաջորդ հարցը գյուղատնտեսական աշխատանքների և ոռոգման կազմակերպման ընթացքին է վերաբերվել, ըստ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի՝ ոռոգման շրջանում լուրջ խնդիրներ չեն առաջացել, կատարվել է շուրջ 17455 հա աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից ավելի է 4783 հա-ով: Աշնանացան ցորենի ցանքատարածության աճին նպաստել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագիրը:      

  • Կիսվել: