ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը հերքել է Ռուսաստան իր ենթադրյալ այցի մասին հաղորդումները՝ հայտարարելով, որ չորեքշաբթի գտնվում է Վիրջինիա նահանգում։

«Փաստերն ավելի կարևոր են, քան քլիքբեյթը»,- գրել է Պատելը X սոցիալական ցանցում։

ՀԴԲ-ն իր հերթին հրապարակել է հաղորդագրություն, որտեղ նշել է, որ գերատեսչության ղեկավարը Վիրջինիա նահանգի Լինչբերգ քաղաքի Լիբերթի համալսարանում մասնակցում է իրավապահ մարմինների աշխատակիցներին նվիրված միջոցառմանը։ Պատելի ներկայությունն այնտեղ հաստատվել է տեղի ABC News-ի մասնաճյուղի հրապարակած տեսանյութերով։

Նշենք, որ ավելի վաղ MS NOW հեռուստաալիքը հայտնել էր, որ ՀԴԲ-ի ղեկավարը ժամանել է Ռուսաստան՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում երկօրյա բանակցություններ անցկացնելու համար։

MS NOW-ն, հղում անելով երկու անանուն աղբյուրների, հայտնել էր, որ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) կազմակերպած հանդիպմանը մասնակցելու համար։ Սակայն ՀԴԲ-ն և անձամբ Պատելը հերքել են այդ տեղեկությունը։