երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ծաղիկներ է խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ծաղիկներ է խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 79-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել, ծաղկեպսակ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ` հարգանքի տուրք մատուցելով ֆաշիզմի դեմ պայքարում ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առջև։

«Այսօր Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրն է, հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի պատերազմում հաղթանակ տանելու գործում, մեր ժողովուրդն այս պայքարում ցույց է տվել ֆաշիզմի դեմ անհանդուրժողական լինելը, անկախ ապրելու կամքն ու ցանկությունը։

Իմ անվանակից Մուշեղ պապն էլ է մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին և ընկել հերոսի մահով Կերչում։ Տատս պատմում էր, որ պապս շատ լավ ձայն է ունեցել և երբ իրեն զորակոչել են նախկին Սավխոզ թաղամասում գտնվող տանկային դիվիզիայից, բաց վագոն բարձրանալուց հետո սկսել է երգել, որից բոլոր ներկաները հուզվել են։ Հայրս այն ժամանակ 6 ամսական է եղել և պապս, ամաչելով իր հորից, որ իրեն ճանապարհել է ռազմաճակատ, անգամ չի համբուրել որդուն։ Տատս ասում էր՝ պապս հաղթանդամ, տոկուն, աշխատասեր և ուժեղ մարդ է եղել։ Մինչև կյանքի վերջին օրը հագուստի տակ ինչ որ բան էր պահում տատս, որ չգիտեինք ինչ էր, երբ մահացավ՝ շորերի միջից պապիս գդակը գտանք, որ այնքան սիրով էր պահել տասնամյակներ շարունակ։

Մենք պարտավոր ենք հիշել նահատակներին, նրանց կատարած սխրանքը երբեք չմոռանալ, հարգել ու խնկարկել նրանց հիշատակը և ամեն ինչ անել ավելի հզոր երկիր ունենալու համար»,- լրագրողների հետ զրույցում հիշողությունները կիսել ու հաղթանակի մասին է խոսել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

  • Կիսվել: