ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանը չհայտարարված մասշտաբային զորավարժություններ է սկսել

Ադրբեջանը չհայտարարված մասշտաբային զորավարժություններ է սկսել

Ադրբեջանը հարձակողական բնույթի չհայտարարված լայնածավալ զորավարժություններ է սկսել: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստության, գործողությունների պլանավորման եւ համակողմանի ապահովման, զորքերի տարբեր տեսակների եւ զորատեսակների կառավարման մարմինների փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ կստուգվեն հարվածային խմբավորումների կրակային եւ մանեւրային հնարավորությունները:

Զորավարժությունները, որոնց կմասնակցեն մինչեւ 10.000 զինծառայողներ, շուրջ 120 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, մինչեւ 30 միավոր բանակային եւ ճակատային ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր, կտեւեն մինչեւ մայիսի 22-ը:

Այս առնչությամբ ՊՆ տարածած հայտարարությունում ասվում է. «Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը, ինչը տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին:

Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։

  • Կիսվել: